hոժար էր, մարմինն էլ տկար չէր», բայց խնդիրը նրանում էր, թե ի՛նչ աղջիկ պիտի ուզեր, որովհետև ամբողջ Թիֆլիսը յուր բոլոր արտադրություններով չէր կարողանում գրավել մեր հարուստ փեսայացուի սիրտը։
Ե
Աշուն էր․ խոնավ և մառախլապատ երեկո։ Մի կողմից տեղում էր անձրևը և մյուս կողմից փչում էր քամին և ողողում անցորդներին ոտից մինչև գլուխ։ Քաղաքի փողոցները հետզհետե դատարկվում էին, և խանութները սկսում էին խավարվել։ Ասպարեզը մնացել էր անհամբեր կառքերին, որոնք սրարշավ թռչում էին աջ և ձախ, մեկ փողոցից դեպի մյուսը, տանելով իրենց մեջ հազար և մի տեսակ արդար ու մեղավոր արարածներ…
Բայց չնայելով եղանակի վատթարությանը, քաղաքային ակումբը տալիս էր այդ երեկո յուր ձմեռային բնակարանի առաջին պարահանդեսը, որի չար բախտից խառնվել էին տարերքը։ Ամբողջ փողոցի վերա միայն այդ ժողովարանի տունն էր, որ յուր ներսում կենդանություն էր ցույց տալիս։
Երկու գազեղեն ղամբարները լուսավորում էին նրա ընդարձակ մուտքը, որի առաջ հետզհետե գալիս խռնվում էին բազմաթիվ կառքեր, բերելով իրենց հետ ակումբների պատվելի անդամներին, անդամուհիներին, պարահանդեսի ասպետներին և նրանց ազնվազարմ տիրուհիներին։ Ակումբի նախագավթի մեջ տիրում էր մեծ իրարանցում: Օրիորդները ու տիկինները արդեն սկսել էին հոգնեցնել սպասավորներին, վերջինները զբաղված էին գլխավորապես նրանց բազմազան վերնազգեստների, շալերի ու փողպատների՝ կախարանների վերա տեղավորելովը։ Երիտասարդ ասպետներն իրենց կողմից չարչարում էին միայն նախագավթի մեծ հայելին և նրա առաջ դրած սանդրերն ու խոզանակները։ Շտապով և գրեթե միմյանց թևակոխելով՝ նրանք սանրվում ու կոկվում էին, ցավելով միևնույն ժամանակ, որ ակումբի վարչությունը մոռացել էր