Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրավունքով էիք այդքան անխիղճ կերպով իմ բախտի հետ խաղում…

— Այդպես բաներ մի՛ խոսիր, Պետրե, չէ՞ որ ես էլ քո բախտավորության համար եմ մտածում, ո՞ւմ պիտի մնան իմ աշխատած փողերը․ դու չե՞ս արդյոք իմ միակ ժառանգը աշխարհում։

— Որին այսուամենայնիվ դուք վաճառել եք մի կապալով…

— Դարձյալ նո՞ւյն խոսքերը։

— Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։

Ուրեմն քեզ ամուսնացնելը՝ քեզ վաճառե՞լ կնշանակե։

— Բայց ո՞ւմ հետ եք ամուսնացնում։

— Մի հարուստ, մի պատվական աղջկա հետ։

— Ավելի լավ է ասացեք մի հրեշի։

— Ինչո՞ւ համար այդպես անխիղճ ես դու, Պետրե, մի՞թե այն աղջիկը այդքան էլ տգեղ է, որ դու նրան հրեշ ես անվանում։

— Տգե՞ղ․ մի՛թե տգեղության մասին է խոսքը, աղջիկը տգեղ չէ երբեք, եթե տգեղությունը նրա դեմքի վերա է նշմարվում, ի՞նչ բան է հենց նույն ինքը գեղեցկությունը— մի փայլ, որ անհետանում է խորշակի առաջին հարվածից, կամ մի ծաղիկ, որ մի ժամվա մեջ թառամում է արևի կիզիչ ճառագայթների առաջ։ Կնոջ արտաքին գեղեցկությունը նույն նշանակությունն ունի յուր ամուսնու համար, ինչ որ նրա պսակի փայլուն հանդերձանքը, որոնք մի օրից հետո էլ չեն գրավում նրան, որովհետև կորցնում են իրենց հանդիսական նշանակությունը։ Մի կին հավիտյան գեղեցիկ և հավիտյան գրավիչ լինելու համար պետք է փայլի ներքին, հոգեկան գեղեցկությամբ։ Ի՞նչ հարկավոր է ամուսնուն այն կինը, որ հրեշտակի կերպարանք ունի, բայց սատանայի սիրտ, միթե գրավիչ հայացքը կարո՞ղ է բուժել այն վերքը, որ բանում է ամուսնու սրտի մեջ թունավոր լեզուն… Չէ, աղջկա արտաքին գեղեցկությունը չէ կարող գրավել ինձ, ո՜րքան գեղեցկություններ կան, որոնք թափառում են հասարակաց սրահներում և որոնց ամեն մի անցորդ կարող է գնել մի քանի