Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օ՜հ, եկեք, եկեք, իմ ազնիվ, իմ թանկագին բարեկամներ. եկեք մեզ մոտ. մեր տունը ձեր սեփականությունն է, մեր կամքը ձեր ծառան, մեր սիրտը ձեր գերին… Որքա՜ն շնորհակալ եմ աստվածանից, որ մեր միակ սիրելիներին առաջնորդում է մեզ մոտ, միշտ միասին և ուրախ ապրելու համար։ Եկեք մեզ մոտ, սիրելիներս, և մի տխրեք բնավ. ալս հարկը, որի տակ ապրում ենք մենք, բավական կլինի չորս միաշունչ սրտերի բնակության համար։ Այստեղ ոչ ոք չի խանգարիլ մեր ուրախությունը, ոչ ոք չի դառնացնիլ մեր երջանիկ կյանքը. եկեք, սիրելիներս, եկեք. թող մեզանից յուրաքանչյուրը երկու հարազատ մայրեր ունենա այսուհետև և մեր մայրերը՝ երկու հարազատ զավակներ…

Այս ասելով բռնեց օրիորդը տ. Հռիփսիմեի և Պետրոսի ձեռքից և տարավ նրանց տուն։

Տ. Եղիսաբեթը, որ տան մեջ յուր գործով էր զբաղված և հետևապես պատահած նորության մասին ոչինչ չգիտեր, սարսափելով լսեց Պետրոսի բոլոր պատմությունը և հազիվ էր կարողանում հավատալ նրա ճշմարտության։ Բայց վերջում հուսալիր խոսքերով մխիթարեց թե՛ մորը և թե՛ որդուն և հայտնեց յուր անկեղծ և կատարյալ ուրախությունը՝ նրանց յուր տունը ապավինելուն համար։

Քիչ ժամանակից ետ, երբ Պետրոսի և նրա մոր հուզմունքն անցավ, Աստղիկը սկսավ զանազան խոսակցություններով զբաղեցնել բարեկամներին, որպեսզի տխրելու ժամանակ չտա նրանց։

— Մեզ մոտ ամեն բան այսպես է, Պետրե, և դեռ երկար այս դրությունը կշարունակվի,— խոսում էր օրիորդը.— ճշմարիտ բարերարությունը անծանոթ է դեռ մեր երկրին և բացառապես մեր ազգին. այդ պատճառով մեր բարերարները ամեն տեղ էլ կամ բռնավորներ են, կամ փառամոլներ։

— Դրանցից ոմանք բարերարությունը անում են նույն հաշվով, ինչ հաշվով որ վաշխառուն փող է տալիս յուր խնդրարկուին։ Ինչպես որ վերջինս ձեռք չի վերցնում պարտապանից, մինչև որ սահմանյալ տոկոսներով յուր վերջին ստակը չէ ստանում, այնպես էլ մեր բարերարները խեղճ բարերարյալի օձիքը չեն թողնում, մինչև որ նա յուր վայելած