Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր պաշտոնակից մյուս վարչությունների նման խիստ նախանձախնդիր է յուր իրավասության տակ գործող անձանց բարոյական համարման, հեշտությամբ հավատ կընծայե տարածված լուրերին և կարձակե դպրոցից յուր աննման աշխատավորին… Այս երկուսն էլ ուշադրության արժանի խնդիրներ են։ Մյուս կարևորագույն խնդիրն այն է, որ ինձ հարկավոր է այսօրվանից արդեն մտածել իմ ապագայի վերա։ Ի՞նչ իրավունք ունիմ ես մի րոպե անգամ այս հրեշտակին սիրելու և նրան իմ ապագայի ընկեր անվանելու, քանի որ ես մի կատարյալ ոչնչություն եմ այժմ և մի սև փող անգամ չունիմ իմ գրպանում մի կտոր հաց գնելու համար… Սա մի չափազանց ստոր դրություն է. լինել երիտասարդ, ունենալ առողջ ու առույգ կազմվածք, խելք ու բանականություն և անգործ նստել մի տան մեջ, որի հացը մի տկար աղջիկ է հայթայթում… o՜, սա անտանելի է, բոլորվին անտանելի… Թող կորչի՜ համալսարանը, թող կորչի՜ն գիտությունները․ հեռո՜ւ ինձանից գաղափարական ցնորքներ, ես այսուհետև դրական գործունեություն եմ ուզում. ցնորքներով թող հարուստ մարդիկ զբաղվին…»։

Այս մտածմունքներով դուրս գնաց Պետրոսը սիրուհու տնից, յուր մտքում հաստատապես որոշելով՝ չվերադառնալ այդտեղ, մինչև որ յուր համար մի արդյունավոր պարապմունք չգտնե։

Ով որ ամբողջ ամիսներով անգործ թափառել է փողոցներում, նա միայն կարող է հասկանալ, թե ո՛ր աստիճան հանդուգն որոշում էր անում Պետրոսը յուր համար, մանավանդ այնպիսի մի քաղաքում, ուր ո՛չ առևտրական մեծ տներ կային, ո՛չ հաշվարարական գրասենյակներ, ո՛չ արտադրող գործարաններ և ոչ գործավորի կարոտ մասնավոր մարդիկ։ Գոնե դպրոցական արձակուրդների ժամանակը չլիներ, դարձյալ կարելի էր վարժապետական պաշտոն ձեռք բերել մի տեղ. բայց հուսո այդ ճանապարհն էլ փակված էր նրա առաջ։

Այսուամենայնիվ բախտը երբեմն կյանքին անծանոթ միամիտներին օգնում է իրենց ցանկության չափով։

Պետրոսը դեռ նոր էր մտել շուկայի հրապարակը, երբ