Էր նրան և ջերմությամբ սեղմում նրա ձեռքը. հետո նրանք միասին բարձրանում էին դեպի վեր և դիմում ուղղակի սեղանատուն, ուր արդեն պատրաստ էր լինում ճաշի սեղանը։ Երկու սիրահարներ և երկու սիրող մայրեր բոլորում էին համեստ սեղանը։ Նրանց ճաշը թեպետ ոչ փարթամ, բայց համեմված էր լինում սննդարար սիրով և կազդուրիչ ուրախությամբ։ Ոչ մի տխուր մտածություն չէր խանգարում նրանց ախորժակը, և ոչ մի մաշող հոգս չէր զբաղեցնում զվարճանալու տրամադիր ընտանիքին։ Երկու սիրահարները նստում էին միշտ միասին և երկու մայրերը նրանց դեմուդեմ։ Սեղանի վերա մատռվակը միշտ Պետրոսն էր։ Ամենից առաջ նա խմում էր երկու մայրերի կենացը, ամեն անգամ էլ գեղեցիկ բարեմաղթություններ անելով նրանց համար․ Պետրոսին ընկերանում էր Աստղիկը յուր համառոտ, բայց իմաստալից ճառերով։ Հետո մայրերը իրենց անզուգական սիրելիների կենացն էին խմում, օրհնելով նրանց կյանքը սրտաբուխ և սրտաշարժ օրհնություններով։ Ճաշից հետո Պետրոսն ու Աստղիկը զբաղվում էին երբեմն օգտավետ խոսակցությամբ, երբեմն զվարճախոսությամբ և շատ անգամ կատակներով։ Երկու մայրերը ուշադրությամբ լսում էին նրանց, երբ որդիները լրջությամբ տրամաբանում էին, բայց երբ վերջիններս զվարճախոսում կամ կատակներ էին անում, իրենք էլ նրանց հետ ուրախանում և զվարճանում էին։
Միով բանիվ այս միասիրտ և սիրաշունչ ընտանիքի համար կյանքը անցնում էր կատարյալ երջանկությամբ. ո՛չ անցյալի դառնություններն էին հիշվում, և ո՛չ ապագայի ցավերը գուշակվում։
— Տեսնո՞ւմ ես, Պետրե, դժբախտությունից դեպի բախտավորություն անցնելը նույնչափ հեշտ է, որքան լացից դեպի ծիծաղը,— ասում էր Աստղիկը սիրելուն.— հարկավոր է միայն, որ մարդ կորով ունենա յուր սրտում, կյանքի բնական դժվարությունների առաջ կանգնած չմնա, որպեսզի հուսահատությունը չտիրե նրա հոգուն։ «Որ հայցէ՛ գտանէ, որ բաղխէ' բացցի նմա»․ այս խոսքերը այնպիսի մեծ խորհուրդ և ա՛յնքան շատ ճշմարտություններ են պարունակում