Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերա և միջոց տվավ ինձ իմ գոյությունը շարունակելու իմ ազատ կամքով ու ցանկությամբ։ Այսուհետև ես ո՛չ Խալաթյանի հարստությանն եմ կարոտ և ո՛չ նրա վրեժխնդրությունից եմ վախենում։ Թող այդ պարոնը նվիրե յուր հարստությունը ում որ կամենում է և լարե իմ դեմ ինչ որոգայթներ էլ կարողանում է. ես արհամարհում եմ երկուսն էլ։

— Բայց ինչո՞ւ համար է այդ կոպիտ ընդդիմությունը, միթե մի օր չպիտի՞ ամուսնանաս դու. ահա քեզ աղջիկ և հարստություն. ինչո՞ւ չես ժառանգում նրանց։

— Այո՛, ես մոռացա իմ ընդդիմության բուն պատճառը ձեզ ասել,— խոսեց կրկին Պետրոսը.— եթե Խալաթյանի աղջիկը մինչև անգամ մի հրեշտակ լիներ, իսկ նրա օժիտը կազմված լինեն մի քանի միլիոններից, ես դարձյալ չէի հոժարիլ նրա հետ ամուսնանալու…

— Ինչո՞ւ համար,— զարմացմամբ բացականչեց տեր Սարգիսը ընդհատելով Պետրոսին։

— Որովհետև ես սիրում եմ մի ուրիշին։

— Դուք մի ուրիշի՞ն եք սիրում,— խորհրդավոր ձայնով հարցրեց տեր հայրը։

— Այո՛։

— Եվ ո՞վ է նա։

— Դուք քահանա եք, ձեզ կարելի է ամեն բան խոստովանել, նա ձեր դպրոցի վարժուհին է, օրիորդ Աստղիկը։

— Օ՜, մի՜թե… այդ շատ մեծ նորություն է…— բոլորովին զարմացած բացականչեց տեր Սարգիսը։— Մի՞թե օրիորդ Աստղիկը որոշել է ամուսնանալ, այդ շատ մեծ նորություն է…— Այո, որոշել է, և մենք այսօրվանից արդեն մեր պսակի պատրաստությունը տեսնում ենք։

— Շնորհավորում եմ, բարեկամ. դուք ընտրել եք արժանավորագույն ամուսին և նա կբախտավորեցնե ձեղ։ Այժմ էլ իրավունք չունիմ ես հարցնելու, թե ինչո՞ւ Խալաթյանի աղջիկն ու հարստությունը մերժում եք դուք։

Այս ասելով տեր Սարգիսը վեր կացավ տեղից, ողջունեց