Էջ:Muratsan, vol. 2.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Տեր հայրը հայտնեց նրան յուր պատգամավորության պատճառը. հետո քաղցր խոսքերով և հայրական իշխանությամբ սկսավ հանդիմանել նրա վարմունքը, ասելով, որ ինքը շատ անարդար և դատապարտելի է գտնում նրան, ըստ որում դրանով Պետրոսը անբախտացնում էր մի պատվավոր ընտանիքի աղջկան, իսկ վերջում նա սկսավ համոզկեր խոսքերով խորհուրդ տալ նրան թողնել յուր համառությունը և ամուսնանալ յուր օրինավոր նշանածի հետ և վայելել Մելքոն Խալաթյանի թե՛ հարուստ նվերները, և թե՛ նրա աղջկա փարթամ օժիտը։ «Հակառակ դեպքում,— ավելացրեց տեր հայրը,— դուք ոչ միայն այդ մեծ բախտից կզրկվեք, այլև կհրավիրեք ձեր դեմ Խալաթյանի անողոք վրեժխնդրությունը, որի նյութած չարիքները կարող են ձեզ կատարելապես թշվառացնել»։

Կատարյալ համբերությամբ տեր Սարգսի բոլոր հայտնությունները ու խորհուրդները լսելուց ետ, Պետրոսը պատասխանեց.

—Տեր հայր, դուք խոսում եք ա՛յն՝ ինչ որ լսել եք, կամ այն՝ ինչ պատվիրել են ձեզ. բայց բուն ճշմարտության մասին դեռ ոչինչ չգիտեք, ուրեմն լսեցեք ինձ։ Այդ գործի մեջ ես հանցավոր չեմ. իմ հորեղբայրը յուր հիմար հաշիվների համար այդպիսի մի խոստում է արել Խալաթյանին, առանց իմ գիտության, առանց իմ համաձայնության։ Մելքոն Խալաթյանը, հորեղբորս խոստումը հալած յուղի տեղ ընդունելով, զանազան զիջումներ է արել նրան, որոնց մասին անշուշտ նա հարկ եղածը պատմած կինի ձեզ։ Այդ փոխադարձ առևտրի զոհը եղել եմ ես։ Ինձ բերել տվին Թիֆլիսից, զրկեցին բարձրագույն ուսում ստանալու միջոցներից. և ստիպում էին ամուսնանալ այդ աղջկա հետ։ Ես իմ կամաց հակառակ գնացի Խալաթյանի աղջկանը տեսնելու և այդ այն նպատակով միայն, որ կարողանայի հորեղբորս սիրտը ամոքել կրկին իմ ուսմանս վերադառնալու համար։ Իմ փորձը անհաջող անցավ, հորեղբայրս պնդեց յուր առաջարկության վրա և ես բացեիբաց մերժեցի նրան, որի համար մորս հետ միասին արտաքսվեցա յուր տնից։ Ամենակարող աստվածը գթաց ինձ