Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց ինչո՞ւ համար, Մարի,— ուրախ ժպիտով հարցրեց նա պառավին։

— Օ՜, չեմ ասիլ, չեմ ասիլ...

— Բայց չէ՞ որ ես քահանա եմ և քահանային ամեն բան կարելի է խոստովանել։

— Այո՛, այդ ճշմարիտ է, ներեցեք ինձ, ես սխալվեցա, ուրեմն ես ձեզ կասեմ իմ ատելության պատճառը։ Այդ աղջիկը ամեն տեղ և ամեն շրջաններում ծաղրում է իմ գիտությունը, ծիծաղում է իմ տունը հաճախող կանանց վերա, և քարոզում է բոլորին՝ չհավատալ իմ դեղերին, իմ օրհնություններին. նա ինձ խաբեբա և սատանաների թագուհի է անվանում... օ, ես ատում եմ նրան, ատում եմ իմ բոլոր սրտով...

— Եվ նա այդ աստիճան համարձակվո՞ւմ է լրբանալ։

— Այո՛, տեր Սարգիս, նա լիրբ է, անառակ է, անզգամ է... օ՜հ, ես ատում եմ նրան, և ինչպե՜ս կկամենայի պատժել...

— Լավ ուրեմն, ահա՛ նրան պատժելու միջոցը։ Նա կամենում է ամուսնանալ Պետրոս Մարալյանի հետ, եթե կարողանաս մի ազգակցություն գտնել նրանց մեջ, դրանով էլ կպատժես քո թշնամուն. չհասության պատճառով պսակը կլուծվի և առանց քո կամենալուն չարը ինքն իրեն կպատժվի:

— Ազգակցությո՞ւն, ի՞նչ եք ասում.նրանք մոտիկ ազգականներ են,— ուրախությամբ բացականչեց Մարիջանը։

— Հապա ասա՛, ի՞նչպես, ո՞ր կողմից,— սրտատրոփ հարցրեց տեր Սարգիսը։

— Մարալ-Օսեփի քույրը Հացիկենց Ջավին է. Օսեփի տղան՝ զարգար Անտոնը. Անտոնի տղան՝ ձեր այդ Պետրոսը։ Մյուս կողմից, Հացիկենց հարսի աղջիկը Եղիսաբեթն է, ու նրա աղջիկը՝ էդ սև սատանան։

— Օ՜, այդ հազիվ վեց պորտ է դառնում. սպասի'ր, սպասի'ր հաշվեմ։ Մարալ-Օսեփը մեկ, Հացիկենց Ջավին՝ երկու, զարգար Անտոնը՝ երեք, տիկին Եղիսաբեթը՝ չորս, Պետրոսը՝ հինգ, Աստղիկը՝ վեց։ Չէ՛, չի՜ հասնիլ. սաղ աշխարհն էլ որ ոտի կանգնի, էլի չի հասնիլ. ուղիղ վեց պորտ է։