— Մեզ մոտ այսպես է ընդունված, որդի, բայց նրանք էլ կարող են նստել.— Նստեցեք արժանապատիվ հայրեր, — դարձավ նա քահանաներին և վերջիններս անմիջապես շարվեցան աթոռների վերա։
«Ահա՛ թե որտեղից են սովորում աշխարհականները իրենց հոգևոր տերերի վերա արհամարհանքով նայելը,— մտածեց ինքն իրեն Պետրոսը,— երբ մի եպիսկոպոս այսքան գգալի կերպով ստորացնում է յուր քահանային մի սինլքոր աշխարհականի առաջ, ի՞նչ պիտի անեն նրան նույնիսկ իրենք աշխարհականները, որոնք մեծ մասամբ տգետ և անկիրթ մարդիկ են լինում և անսովոր արժանավորությունը հարգելու։ Ինչո՞ւ համար ես պիտի համարձակվիմ քահանայից առաջ նստելու, կամ նրան ինձ հավասար ընկեր ընդունելու։ Բայց ես չեմ քաշվում այդպես վարվելու, որովհետև այդպես պահանջում են մեզանից նույնիսկ իրենք հոգևոր իշխանները և մեզ մնում է միայն ցավել քահանայի թշվառ դրության վերա»…
— Է՜հ, ինչի՞ վերա եք մտածում Պետրոս-բեկ,— հարցրեց Սրբազանը ժպտալով.— հայտնեցեք ձեր խնդիրը, տեսնենք թե ինչո՞վ կարող ենք ծառայել ձեզ։
— Ես եկա խնդրելու ձեզանից, Սրբազան հայր, որ հրաման տայիք ինձ պսակվելու մեր դպրանոցի վարժուհի օր. Աստղիկի հետ։
— Ա՜, երևի այս պսակի մասին էր ձեր խոսքը, տեր հայր,— հարցրեց Սրբազանը տեր Սարգսից, դառնալով դեպի նրան։
— Այո՛, Սրբազան հայր, հենց այդ միևնույն պսակի համար, — պատասխանեց տեր հայրը այնպիսի համեստությամբ, որ կարծես նորահարսն էր խոսում յուր սկեսրի հետ:
— Դուք շատ արժանավոր ընտրություն եք արել. Պետրոս-բեկ,— դարձավ Սրբազանը երիտասարդին,— բայց շատ ցավում եմ, որ ձեր ընտրությունը ձեր ազգականուհու վերա է ընկել։ Ձեր մեջ չհասություն կա. հենց այս րոպեին էլ տեր Սարգիսն ու բարեկարգիչը այդ բանի վերա էին խոսում, երբ դուք եկաք։ Նրանք խնդրում էին ինձ քահանայական ժողով