Էջ:Muratsan, vol. 2.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ողջույն ձեզ, Պետրոս-բեկ, ո՞ւր եք շնորհ տանում,-հարցրեց նա Պետրոսին, գրեթե նրա առաջը առնելով։

— Սրբազանի մոտ։

— Ինչո՞ւ համար, երևի համաձայն Սրբազանի խոստման, գնում եք ձեր պսակի հրամանագրի մասին նրա վճիռը լսելու։

— Այո՛, հենց դրա համար եմ գնում։

— Սրբազանը տկար է և ոչ ոքին չէ ընդունում յուր մոտ, բայց ձեր գործի մասին նա արդեն յուր գրավոր հրամանը ուղարկել է ինձ. ահա՛ այդ հրամանը, կարող եք կարդալ,— այս ասելով նա հանեց ծոցից Սրբազանի հրամանագիրը և տվեց Պետրոսին։

Երիտասարդը արագությամբ աչքի անցրեց բոլոր գրվածքը և զայրույթից գույնը նետեց։ Սրբազանը, ի միջի այլոց, գրում էր բարեկարգչին, «Խստագոյնս հրամայեմք ոչ թոյլատրել ումէք ի քահանայից պսակել զՊետրոս Մարալեան ընդ Աստղկան Սարգսեան, վասն մերձաւորագոյն ազգականութեանն՝ որ ի նոսա…»։

— Եվ սրանով ամեն բան վերջանո՞ւմ է,— զայրացած հարցրեց Պետրոսը բարեկարգչին, երբ հրամանագրի ընթերցումը ավարտեց։

— Գրեթե ամեն բան։

— Եվ ես չպե՞տք է պսակվիմ իմ հարսնացուի հետ։

— Իհարկե ոչ։

— Եվ այդ դուք հնարավո՞ր եք համարում։

— Եթե այդպես չլիներ, Սրբազանը այդ հրամանը չէր գրիլ:

Պետրոսը լռեց, նա բարկությունից դողում էր ամբողջ մարմնով, բայց ի՞նչ կարող էր անել, ո՞ւմ կարող էր բողոքել։ Եվ մի՞թե նա ուժ և ժամանակ ուներ դրա համար. կամ կարո՞ղ էր արդյոք հուսալ, թե յուր այդ բողոքով դատը կվաստակի։ Նա հիշեց տեր Գարեգինի խոսքը. «Քո պսակի հրամանագիրը ուշանում է և ոչ թե մերժվում…» և համոզվեցավ, որ պետք է բարեկարգչի հետ համաձայնություն կայացնել. «Անտեղի ճշմարտությունն էլ շատ անգամ գործի խանգարման պատճառ է դառնում,— մտածեց նա ինքն իրեն.—