բայց ո՞րտեղից էր նրան նույնիսկ նյութական կարողություն, որ նրա շնորհիվ յուր հակառակորդների սիրտը ամոքել կարողանար նա։ Այս էլ ուշադրության արժանի խնդիր էր։ Այսուամենայնիվ երիտասարդը որոշեց տեր Գարեգինի խորհրդին հետևել, գոնե հակառակորդների բուն դիտավորությունը հասկանալու համար։
— Տե՜ր հայր, դուք երևի չեք ուրանալ, որ մեր քահանաները մինչև այժմ հարյուրավոր չհաս պսակներ են կատարել և այսուհետև էլ կկատարեն, եթե հարկը պահանջե,— դարձավ Պետրոսը բարեկարգչին. դուք չեք ուրանալ նույնպես, որ իմ պսակի առթիվ քահանաների ցույց տված ընդդիմությունը ջերմեռանդ օրինասիրությունից չէ բխում, ուրեմն հայտնեցեք ինձ անկեղծությամբ, ինչո՞ւ համար են նրանք մեր միությանը ընդդիմանում, և ինչո՞վ կարող եմ ես այդ ընդդիմությունը վանել։
Բարեկարգիչը զգուշությամբ նայեց չորս կողմը, բռնեց Պետրոսի ձեռքից և տանելով նրան դեպի բակի անկյունը, խորհրդավոր եղանակով ասաց.
— Ես ձեզ հետ մոտիկ ծանոթ չեմ, Պետրոս-բեկ, որովհետև դուք միշտ այստեղ չեք եղել, բայց շատ լավ ծանոթ եմ օրիորդ Աստղիկի հետ և բոլոր սրտով հարգում ու պաշտում եմ նրան, իբրև մեր դպրանոցի մի աննման աշխատավորին, իբրև մի ընտիր վարժուհու և իբրև ընտրելագույն դաստիարակչի։ Նրան բախտավորացնելու համար, ես ոչ իբրև մասնավոր անձն, այլ իբրև քահանա և հասարակաց գործիչ, հանձն կառնեի ամեն զոհաբերություն, որպեսզի մեր մանուկների այդ պահպանման հրեշտակը' կարելվույն չափ ուրախ ապրելով` ավելի սիրտ և ժամանակ ունենար յուր սիրած գործին անձնվիրաբար ծառայելու։ Եվ ահա՛ հենց այդ պատճառով ես չէի ցանկանալ, որ ձեր ամուսնությունը խախտվեր, որովհետև դրանով խեղճ օրիորդի սիրտը կխոցոտվեր և այդպիսով նա յուր արդյունաշատ գործունեության ասպարեզը կլքաներ…
— Եթե դուք այդ բոլորր գիտեք, արժանապատիվ հայր, ինչո՞ւ ուրեմն չեք օգնում այդ օրիորդին յուր սիրելի նպատակին