Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Փողով, հասկանո՞ւմ եք, փողով. քահանաների ինչի՞ն են պետք ձեր խոսքերը։

— Ամոքել, ուրեմն փող տա՞լ կնշանակե։

— Իհարկե, դեռ նո՞ր եք իմանում այդ։

— Խոստովանում եմ․ այդպիսի բացատրություն իմ բառարանում չկա։

— Սրբազանի բառարանումն էլ ձեր հասկացածը չկա։

Պետրոսը մնաց շվարած, տիրացուի բացատրությունները մի նոր և անծանոթ աշխարհ բացին նրա առաջ, որտեղ առաջին անգամ ևս պատահեց յուր աշակերտակից Պահլավունուն․ այդ րոպեին կարծես կրկին անգամ հնչեցին նրա ականջներին երիտասարդ ճառախոսի խոսքերը. — «Մեզ հարկավոր չեն իրավաբաններ, երկրաչափներ, և ճարտարապետներ… Տվեք մեզ քահանաներ, իրենց կոչումը, իրենց պարտքը և իրավունքը ճանաչող քահանաներ». Պետրոսի առաջ կենդանացավ անցյալը, նա հիշեց յուր ուսանողական ճաշը, հիշեց Պահլավունու՝ հայ քահանայի և հոգևորականի մասին խոսած ճառը և խորը հառաչելով հեռացավ խոսակցից։ Նա այժմ չգիտեր, թե ո՞ւր և ո՞ւմ է դիմում․ Հուսո աղբյուրները ցամաքել էին նրա համար…

ԼԴ
ՄԻՄՅԱՆՑ ՉՀԱՍԿԱՑԱՆ

Ինչպես տեսաք, գործերի դրությունը արդեն որոշ կերպարանք էր առել։ Մեր սիրահարների բախտը կաշկանդողը այլևս օրենքի շղթաները չէին, այլ դրամական վարձատրության խնդիրը, որից պինդ բռնել էր բարեկարգիչը օգնական անդամներովը հանդերձ։ Պետրոսը փող չուներ, յուր ինքնասիրությունն էլ թույլ չէր տալիս հորեղբորը դիմելու․ Թեպետ դեռ հարց էր, թե հորեղբայրը կզիջանե՞ր նրան այնպիսի մի մեծ գումար, որպիսին արժանապատիվ հայրերն էին պահանջում։ Հազար ռուբլի՝ սա կատակ չէր. սա մի քանի օրվա ընթացքում ձեռք բերելու գումար չէր։ Եվ մի՞թե հենց գումարի մեծությունը չպիտի ստիպեր Թովմասին եղբորորդու խնդիրը մերժելու։