Խեղճ երիտասարդը մնացել էր շվարած։
Օրերը հաջորդում էին միմյանց, շաբաթները լրացնում էին ամիսը, և սիրահարների գործը դեռ մազաչափ դեպի լավը չէր առաջանում։ Իրերի այս տարտամ դրությունը խիստ վատ ներգործություն արավ ամբողջ գերդաստանի վերա: Հռիփսիմեն և Եղիսաբեթը միշտ տխուր էին, որդիների դժբախտ դրությունը մի բանով բարվոքել չկարողանալով, նրանք հաճախ լաց էին լինում միմյանցից և որդիներից ծածուկ։ Աստղիկը օր-օրի վերա մաշվում էր, նրա անուշ ժպիտը, որ այնքան քնքուշ գեղեցկություն էր տալիս յուր դեմքին, էլ չէր խաղում նուրբ շրթունքների վերա, նրա մեծ-մեծ և սևորակ աչքերը, որոնցից այնքան կրակ և կենդանություն էին ցոլանում, այժմ գրեթե հանգած՝ հազիվ էին թավալում գունատ կապիճների մեջ։ Պետրոսի ուրախ և զվարթ բնավորությանը հաջորդել էր մի մելամաղձային մտախոհություն, որ մոռացնել էր տվել նրան այն ամենը, ինչ որ մի քանի շաբաթ առաջ յուր և յուր ընտանիքի ուրախությունն ու կյանքն էին կազմում…
Նախկին զրույցները, զվարճաբանությունները և կատակները տեղի էին տվել այժմ լուրջ և տխուր խոսակցության, հառաչանքների և արտասուքի…
Երբ Պետրոսը դուրս էր գնում տանից, Աստղիկը ժամերով փակվում էր յուր սենյակում, կամ առանձնանում էր պարտեզի մի անկյունում և տանջում էր իրեն տխուր մտածմունքներով։ —«Ի՞նչ պիտի լինի մեր վախճանը, ո՞ւր պիտի հանգի այս դժբախտության ճանապարհը, — մտածում էր նա։— Ամբողջ քաղաքը խոսում է ինձ վերա, ամենքը բամբասում են ինձ, ես այլևս ա՛յն պատվավոր վարժուհին չեմ, որին ամենքը գովում ու փառաբանում էին, որի առաջ հարգանքով գլուխ էին խոնարհում, որի հետ ծանոթանալ, նստել, խոսել ամեն մարդ յուր համար ուրախություն էր համարում… Այժմ ես մի անպատիվ աղջիկ եմ. թողված, լքված ամենքից, որովհետև ես համարձակություն եմ ունեցել սիրել մի երիտասարդ, և այդ բավական չէ, ես հանդգնել եմ ընդունել նրան իմ տան մեջ ա՛յն ժամանակ, երբ նրա հարազատ հորեղբայրը արտաքսել էր նրան յուր տնից…