— Չէ, Աստղիկ, այլևս անկարելի է այս կյանքը տանել, ես դրա համար ուժ չունիմ, ես կամենում եմ վերջ տալ նրան. օ՜ն ուրեմն, հեռի՜ ինձանից փոքրոգություն… Սիրել և չժառանգել, այդ ես չեմ կարող. քաջ մարդը մեռնում է, երբ չէ կարողանում հաղթել…
— Այո՛, Պետրե, այո՛, մինչև այսօր մեր սերը մենք անարատ պահեցինք, թող ուրեմն անարատ էլ գերեզման տանենք նրան։ Մի օր ես փոքրոգի էի անվանում նրանց, որոնք ուժ չունենալով կյանքի դառնությունները տանելու, անձնասպանությամբ վերջ են տալիս իրենց կյանքին։ Բայց այժմ հավատում եմ, որ կա՛ն գրություններ, որոնք կերպարանափոխում են ամենազորեղ հոգիների բնավորությունը, որոնք հպարտ Հերակլեսից Լյուդիայի թագուհու համար աղախին են պատրաստում… Չէ, որքան էլ անհաղթելի ուժ ունենա մարդու հոգին, այսուամենայնիվ, քանի որ նա ապրում է մսից և արյունից կազմված մարմնի մեջ, դարձյալ նա կհաղթվի, մանավանդ եթե հասած թշվառության մեծությունը գերակշռում է նրա կարողությանը…
— Ուրեմն վճռված է, Աստղիկ, դու ինձ չես դատապարտիլ, եթե ես մի հուսահատ ձեռնարկության դիմեմ…
— Արա՛ ինչ որ հաճելի է քեզ. ես չեմ կարողանում քո տանջանքը տեսնել։
— Ուրեմն մնաս բարով։
— Բայց դու ո՞ւր ես գնում,— երկյուղով հարցրեց օրիորդը։
— Չգիտեմ, իբրև մարդ ոչնչանալու…
Այս ասելով շտապով դուրս գնաց Պետրոսը սիրուհու սենյակից, առանց ուշք դարձնելու նրա ձայնին, որ կանչում էր յուր ետևից։
ԱՐԴԵՆ ՈՒՇ ԷՐ
Պետրոսի հանկարծ հեռանալը խելագարացնելու չափ ցնցեց օրիորդին։
— Ո՞ւր գնաց նա, տեր աստված,— շփոթված հարցրեց