Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ հաճո լինել, բայց այդ նպատակի համար գործ դրած եղանակն իսկ տհաճություն է պատճառում ինձ։ Չգիտեմ շրջապատիս մեջ է անկեղծությունը պակասո՞ւմ, թե՞ իմ մեջ հավատը. այսքան բանը միայն կա, որ քաղաքում ամեն ինչ ձանձրացնում է ինձ։ Ես կարծում եմ, թե միայն ազատ բնությունն է, որ անհաճո ոչինչ չունի յուր մեջ։ Այժմ կփորձեմ ապրել նրա գրկում։

Հունիս 1, Ղ. գյուղ.

Այսօր առավոտ ժամը 5-ին դուրս եկանք քաղաքից ձիով։ Ինձ ընկերակցում է Պետո անունով մի գյուղացի երիտասարդ, որ, միևնույն ժամանակ, իմ առաջնորդն է: Դա մի բարի տղա է, առողջ կազմվածքով և հաճելի դիմագծերով։ Նա ճարպիկ է, թեթևաշարժ և, ըստ երևույթին, քաջասիրտ։ Բայց սիրում է շատախոսել, մանավանդ, երբ կարգը գալիս է յուր քաջագործությունները պատմելուն։ Ուրիշների քաջության մասին էլ չէ զլանում երկարել, եթե միայն ինքը մասնակից է եղել նրանց գործերին։ Երկու դեպքումն էլ համբերությամբ լսում եմ, որովհետև տեսնում եմ, որ լավ ընկեր է և փորձված առաջնորդ։ Իսկ այդպիսի մարդկանց արժե երբեմն վճարել համբերության մի թեթև հարկ։

Արդեն մի քանի փարսախ հեռացել էինք քաղաքից, երբ չոր ու ցամաք խճուղուց ազատվեցանք։ Իրավ որ հաճելի չէ ձիով ճանապարհորդել այդ կոշտ ու փոշոտ ճանապարհների վրա։ Ինձ թվում է թե` նույնիսկ ձիաներն ուրախանում են, երբ դուրս են գալիս կարծր ճանապարհից։ Կանաչով ու թուփերով եզերված արահետը նրանք անցնում են ավելի աշխույժով։

Այստեղից մեր առաջ տարածվում են ցորենի ընդարձակ արտորաներ։ Ամառային հովը փչում է հանդարտ. բարձրահասակ հասկերը խոնարհում են նրա առաջ ոսկեփայլ գլուխները և կարծես մի զորեղ հրամանից ազդված՝ միմյանց հրելով վազում են առաջ։

— Տեսնո՞ւմ ես, արտը «գնում է հորանց»,— ասում է ինձ Պետոն` ժողովրդի ստեղծած այլաբանությամբ։