որ յուր հոնի երկար մահակով հավաքված շներն այս ու այն կողմը ցրելով, ազատեց մեզ նրանց անախորժ երաժշտությունից։
եվ ահա՛, այժմ մենք տանուտեր Ակոբի տանն ենք: Մեր հյուրընկալը մի բարի, անկեղծ և ուրախ մարդ է։ Թեյից հետո, որը մեծ ախորժակով խմեցինք, նա պատրաստել տվավ մեզ համար հարուստ ընթրիք, որ բաղկացած էր յուր տան մեջ գտնված բարիքներից։ Դրա հետ միասին նա հյուրասիրեց մեզ պատվական գինով, որն, յուր ասելով, պահում էր պրիստավի համար։ «Բայց հոգ չէ, դու էլ պրիստավից պակաս մարդ չես», — ասում էր նա պարզությամբ և բաժակները լցնում։
Տանուտերը միայն մի մաքուր սենյակ ուներ, որ պահում էր քաղաքացի հյուրերի համար։ Այդտեղ, փայտյա մահճակալի վրա, նա պատրաստել տվավ մաքուր անկողին և հրավիրեց ինձ հանգստանալ։ Եվ ի՞նչ հաճելի հրավեր էր այդ. երբեք այդպիսի հոգեզմայլությամբ չէի մտել իմ քնարանը, ինչպես այս գիշեր. հավատում էի, որ աչքերս պիտի բանամ արշալույսի հետ, այնքա՜ն մարմինս հոգնած որ թուլացած էր։
Առաջնորդս արի մարդ է. արշալույսը դեռ չշառագունած՝ զարթեցրել է ինձ։ Կարծում էի, թե գյուղում ես ու Պետոն ենք միայն արթուն, բայց դուրս եմ գալիս տեսնում, որ ամեն տեղ էլ շարժումն սկսված է։ Տավարածն յուր նախիրրը տանում է արոտ. խոտհարը գերանդին ուսին՝ դուրս է գնում դաշտ. սայլորդը եզները լծած՝ վարում է անտառ, հարս ու աղջիկներ կուժերը ուսին՝ գնում են ջրի, կամ դառնում աղբյուրից. հյուրընկալիս մայրը վաղուց նստած էյվանում, շիլա դոշակի վրա՝ վզզացնում է ճախարակը, իսկ հարսը մեզ համար պաշար է պատրաստում։ Ինչ վերաբերում է տանուտեր Ակոբին, նա ծալապատիկ նստած սրահի թախտի վրա, ինքնաեռը կողքին, բաժակներր մաքուր սրբած՝ սպասում է գյուղացուն հպարտացնող թեյով մեզ հյուրասիրելու։