կեղծ հանգստությամբ, բայց ներքուստ դողում էի, վասնզի բնության տարերքների այդպիսի հանկարծական խռովության դեռ չէի պատահած։
Քամին շարունակում էր շառաչել նույն սաստկությամբ. ծառերի բարձր գագաթները ուժգին ընդհարվելով միմյանց, հանում էին ահեղ սոսափյուն, որի արձագանքը գարնանազայր հեղեղի նման մռնչում էր անտառի խորքերում։ Երկինքը նույնպես սկսավ փայլատակել և որոտալ՝ սկզբում մեղմ և ապա այնպես սաստիկ, որ կարծես երկնակամարը պիտի փլչեր մեր գլխին։ Մենք շարունակ փաթաթվում էինք մեր պահպանակների մեջ և կծկվում ձիերի վրա, որովհետև քամին այնքան սաստիկ էր, որ քիչ էր մնում վայր գլորել մեզ ձիերի հետ միասին։ Իսկ անձրևը, ասես թե աշխարհը ողողելու համար էր սկսված. նա գնալով զորանում և հեղեղի էր փոխվում. կարծես երկնքի սահանքները պատռվել էին։ Մի քանի րոպե չանցած, անտառը ողողվեց ամբողջապես, նրա զառիվայրերից սկսան հոսել գետեր և առուներ, ճանապարհի հետքը կորավ բոլորովին։
Ես հետևում էի Պետոյին քայլ առ քայլ և ամեն րոպե սպասում մի դժբախտության, որովհետև շարունակ իջնում էինք ներքև, իսկ ձիերի սմբակները գետինը չէին բռնում, նրանք շուտ-շուտ սահում և գրեթե մեծ մասը փորի վրա էին սուրում։ Իսկ անտառը, որ արև ժամանակն արդեն ստվերաշատ էր, փոթորկի պատճառով, համարյա՛, մթնել էր, միայն թուխ ամպերի մեջ շուտ-շուտ փայլատակող կայծակն էր, որ ընդհատ լույս էր սփռում նրա մեջ և ապա ահեղ որոտումներով ծմակի խորքերը դղրդեցնում։ Այս դրության մեջ շարունակեցինք ճանապարհը գրեթե մի ժամ։
Ապա քամին քիչ-քիչ դադարեց, փայլակն սկսավ շողալ մերթ ընդ մերթ և որոտը լսվում էր երկնքում ավելի խուլ։ Այդ նշան էր, որ փոթորիկը անցել է հեռու կողմեր։ Բայց անձրևը տեղում էր նույն ուժով։ Նրա ձայնը, որ այժմ չէր ընդհատվում ո՛չ քամու մռնչյունով և ո՛չ ամպերի գոռոցով, լսվում էր անտառի մեջ ինչպես վարարած գետի խոխոջ, կամ բարձրից հոսող ջրվեժի շառաչ։ Շարունակելով ճանապարհը