Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուտով հասանք մի հեղեղատի, որից պիտի անցնեինք Ուզուն֊Դարա կոչված կիրճը մտնելու համար։ Բայց այդտեղից արդեն հոսում էր գետի չափ ջուր, որի մեջ մտնելը հանդգնություն էի համարում, ուստի խորհուրդ տվի առաջնորդիս միառժամանակ սպասել, մինչև որ հեղեղը դադարեր և ապա թե անցնեինք։

— Եթե քո խորհրդին հետևեմ, այս գիշեր պիտի անտառում քնեմ,— նկատեց Պետոն հեգնությամբ, —այս ջուրը գնալով պիտի մեծանա, ուստի որքան շուտ անցնենք, այնքան մեր օգուտն է։

Այս ասելով նա մտրակեց ձին և աներկյուղ մտավ հեղեղատը։

Ես ևս, կամ ավելի ճիշտն ասած' իմ աշխուժոտ ձին հետևեց նրա օրինակին և մենք հաջողությամբ դուրս եկանք ձորակի հանդիպակացը։ Անցնելով այդ լանջի վերը և հետո մի ուրիշ բարձրավանդակ, այդտեղից ապա իջնում էինք մի կանաչազարդ հովիտ, որ Ուզուն֊Դարայի բերանն էր համարվում։

Այստեղ արդեն անձրևը հետզհետե դադարեց և քամին սկսավ երկնքի վրա կուտակված ամպերը ցրել։ Տեղ֊տեղ երևաց և պայծառ կապուտակը` արևելյան շքեղ փիրուզի գույնով։ Արևի ճառագայթները ամպերի արանքից շեղակի թափանցելով` ոսկեզօծեցին անձրևից լվացված լեռներն ու սարերը, իսկ նրանց կոհակավետ բարձրությունների վրա հրաշալի ծիածանը յուր կամարը կապեց։ Մինչդեռ ես հիացած նայում էի նրան և հիշում աստուծո ուխտը Նոյի հետ` «Զաղեղն իմ եդից յամպս և եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտին ընդ իս և ընդ ամենայն երկիր». Պետոն գլխարկը հանած խաչահանում էր և աղոթում։

—Ինչ ես աղոթում, Պե՛տո,— հարցրի նրան։

—Գոհանում եմ աստծուց, որ փոթորկից ազատվեցանք։

—Չազատված` ի՞նչ պիտի լինեինք։

—Այն, ինչ որ ուրիշները։

—Այսի՞նքն։