ահարկու ու միապաղաղ ժայռերը, որոնք կախված էին օդի մեջ, սարսափեցնում էին տեղին անծանոթ անցորդին։ Ուրիշ տեղ, ժայռերի փոխարեն, կախվում էին կիրճի բարձրությունների վրա հինավուրց ծառեր, կորացած ու մամռապատ բուներով, և նրանց մերկ ու բազմաճյուղ արմատները ժայռերի վրա ճապաղելով` գալիս հասնում էին մինչև ճանապարհի եզերքը և կամ նրա միջից անցնելով` թաղվում գետակի մեջ։ Շատ տեղ էլ կիրճի լանջերը ծածկված էին ահարկու և անմատչելի անտառներով, որոնք ձգվում, տարածվում էին մինչև սարերի ամենաբարձր կատարները։ Այդ անտառների անծանոթ խորշերից խոխոջալով իջնում էին հարյուրավոր առուներ` երբեմն սիզավետ մարգերի վրա գետահետելով, իսկ հաճախ` ժայռերի բարձրությունից մեծաշառաչ դեպի ձորերը գահավիժելով։
Շարունակելով մեր ճանապարհը բնության այղ շքեղ հանդիսարանի միջով, հետզհետե հանդիպում էինք նորանոր գեղեցկությունների։ Մի տեղ մեզ հիացնում էր հսկահասակ մի սոսի, որի բունը յոթ մարդու գրկաչափ էին ասում և որն յուր խոռոչի մեջ, տեղատարափի ժամանակ, պատսպարում էր մի քանի զույգ ուղևորներ։ Այդ խոռոչրը մի փոքրիկ խրճիթի չափ ընդարձակ էր և կամարակապ մատուռի նմանություն էր բերում։ Սակայն նրա վրա սավառնում էին դեռ հաստաբուն ճյուղեր` առատորեն պսակված սաղարթախիտ ոստերով, որոնք, անշուշտ, մեծ հողմերի Ժամանակ մաքառում էին նրանց հետ` ինչպես բազուկները զորավոր հսկայի։ Մի ուրիշ տեղ, գետի ափին, ուղղաձիգ տնկված է միապաղաղ մի քարաժայռ, մի քանի կանգուն բարձրությամբ, ինչպես փոքրիկ մի աշտարակ։ նա արձանագրություններ չունի, նա վայրենի է, ինչպես այն լեռը, որի կրծքից պոկվել ու գլորվել է, բայց նա ավելի գիտե, քան մեր պատմությունները, նա այդ լեռնային աշխարհի երջանիկ և դժբախտ օրերի հավիտենական վկան է։ Եվ թե կարողանար խոսել, որքա՜ն հիշատակաց արժանի դեպքեր կպատմեր մեզ, դեպքեր որոնց հիշատակն այսօր կորել անհետացել է… կպատմեր թե` քանի՜ քանի՜ բանակներ, որոնց մասին չէ խոսել պատմությունը, մերթ խնդագին և