Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերաբերությամբ ունեցած պլատոնական հարաբերությունը միշտ նույնը չմնաց, շուտով նա տեսավ, որ իշխանուհին գեղեցիկ աչքեր ունի, և որ նրանց մեջ այրվում է մի աստվածային կրակ… Մի երեսնօրյա դասախոսությունից ետ, վարժապետի և աշակերտուհու զրույցները մտերմական կերպարանք առին, առանց մայր իշխանուհու գիտության։

Այն միևնույն միջոցին, երբ Սիմբրյանը խոսում էր քրոջ հետ յուր քեռդստեր ապագա ամուսնության մասին, Ամալիան դաշնամուրի առաջ նստած պատմում էր Ջոմարջիձեին նախընթաց ավուր պարահանդեսի մանրամասնությունները: Ի միջիայլոց նա պատմեց նրան յուր ծանոթանալը Արսեն Մաշտոցյանի հետ, նրա հետ պարելը և նրա հյուրասիրությունը։ Պատմության այս կտորն ուսուցչի ուշադրությունը գրավեց, մանավանդ երբ իմացավ, որ ծանոթացնողը Սիմբրյանն է եղած, որը մի քանի օր առաջ հայտնել էր իրեն յուր աշակերտուհուն ամուսնացնելու դիտավորությունը։

-«Այս մարդիկ ինձ դեմ հզոր հակառակորդ են հանում»,— մտածեց նա ինքն իրեն և մտքումը դրավ մինչև վերջը մաքառելու։

-Ամալիա, կարողացե՞լ եք արդյոք գուշակել ձեր մորեղբոր` Մաշտոցյանի հետ ձեզ ծանոթացնելու դիտավորությունը,— խորամանկությամբ հարցրեց նա օրիորդից։

-Ոչ, մի՞թե դուք կարծում եք, թե դա մի առանձին դիտավորությամբ է եղած։

-Այո՛, ձեր մորեղբայրը ցանկանում է յուր իշխանուհի քեռդուստրը ամուսնացնել այդ ապատոհմիկ վաճառականի հետ։

Վերջին բառերը նա արտասանեց արհամարհանքով։

-Այդ անկարելի է,— վիրավորված բացականչեց օրիորդը,- իմ մորեղբայրը չի մտածիլ այդքան նվաստացնել ինձ։

Իշխանը ինքն իրեն ուրախացավ օրիորդի այդ պատասխանով, բայց շարունակեց գռգռել նրան։

-Ձեր մորեղբայրը հայ չէ՞ միթե, այդ հայերից ամեն բան սպասելի է։ Մի՞թե նրանք կարող են գնահատել արյան ազնվությունը. նրանցը փողն է, փողի հետ էլ կամուսնացնեն ձեզ։