Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես համաձայն եմ քեզ հետ,— ասաց նա եղբորը,—առաջարկիր այդ Ամալիային իրեն, նա չափահաս աղջիկ է և պետք է որ ինքը վճռե յուր ապագայի խնդիրը։ Այդ դեպքում ես ցանկանում եմ պատասխանատվությունից ազատ լինել:

Սիմբրյանը համաձայնվեցավ։

Այդ միջոցին օրիորդ Ամալիան գտնվում էր մի ուրիշ սենյակում յուր ձայնագրության ուսուցիչ Պլատոն Ջոմարջիձեի հետ։ Այս պարոնը հասարակ մահկանացուներից չէր, նա էլ օրիորդ Ամալիայի նման իշխանական ծագումն ուներ։ Բայց վարժապետություն էր անում օրիորդին մի բախտավոր դիպվածով։ Մի անգամ օրիորդ Ամալիան յուր մոր հետ միասին հրավիրվեցավ վրաց մի արիստոկրատ ընտանիքի հացկերույթին։ Բախտի բերմամբ այդտեղ գտնվում էր և իշխան Ջոմարջիձեն, որը հենց նոր էր վերադարձել Իտալիայից, ուր նա գնացել էր իր ձայնը կատարելագործելու։ Հացկերույթի ժամանակ օրիորդ Ամալիային ճանաչող տիկիններն ու օրիորդներր ստիպեցին նրան երգելու և նա մի քնքշիկ ընդդիմությունից հետո երգեց. բայց երգեց այնպես հրաշալի, որ նույնիսկ իշխան Ջոմարջիձեն հիացավ։

— Այս աղջիկը մեծ ապագա ունի,— բացականչեց նա և ապա մոտենալով իշխանուհի Դարիային, ասաց.— իշխանուհի, թույլ տվեք, որ ես մի քանի ամիս պարապեմ ձեր իշխանուհի դստեր հետ և ուսուցանեմ նրան յուր ձայնը մշակելու արհեստը։

— Ի՞նչ վարձատրություն կպահանջեք ձեր այդ նեղության համար, ծիծաղելով հարցրեց իշխանուհին, կարծելով, թե իշխանը կատակ է անում։

— Ոչինչ. ինձ բավական է այն հոգեկան զվարճությունը, որ ես կզգամ մի նշանավոր տաղանդ զարգացնելով անկեղծությամբ պատասխանեց իշխան Պլատոնը։

Իշխանուհին տեսնելով, որ երիտասարդ երգիչը ձրիաբար առաջարկում է իրեն մի արժանավոր ծառայություն, ուրախությամբ ընդունեց և հետևյալ օրից արդեն իշխան Պլատոնը սկսավ հաճախել օրիորդի մոտ և երգեցողության դասեր տալ նրան:

Բայց ինչպես որ բնական էր՝ իշխան Պլատոնի յուր աշակերտուհու