քույր-Աննայի՞ց կուզես զրկվիլ թե՞ քո ստացվածքից, նա ուրախությամբ վերջին զրկանքը կընտրեք որովհետև փորձով գիտե թե՝ ո՛ր աստիճան բարի, առաքինի և ամբողջ գյուղի համար ցավող ու հոգացող կին է նա։ Հազար անգամ մենք ինքներս մեզ հարցրել ենք թե՝ աստված մեր ո՞ր բարի գործի համար է այս բարերար հրեշտակին ուղարկել մեզ։
Այս բոլորը թեպետ ավելի և ավելի գրգռում էին իմ հետաքրքրությունը կույս-Աննայի վերաբերմամբ, այսուամենայնիվ, այն րոպեից, որ ես տեր-հորից իմացա թե նա չգիտե այդ կնոջ ո՛վ և ո՛րտեղացի լինելը, ես այլևս այդ մասին ոչինչ չէի հարցնում նրան, ինձ վերապահելով երբևիցե այդ գաղտնիքը պարզելու նախաձեռնությունը։ Բայց և այնպես իմ հետաքրքրությունը աճում էր ժամերով։
Ճաշից հետո, երբ առանձնացա հանգստանալու, իմ մտածմունքը դարձյալ քույր֊Աննայի մասին էր։ Շարունակ ինքս ինձ հարցնում էի թե՝ արդյոք ի՞նչն է ստիպել այդ կնոջը՝ հեռանալ աշխարհից և քաշվել իրեն անծանոթ և հեռավոր մի գյուղի անկյունը։ Նրա թե՛ արտաքինից, թե՛ խոսքերից և թե՛ շարժմունքից պարզ երևում էր, որ հասարակ կին չէ. հետևապես , չէր կարող լոկ բարեպաշտական զգացմունքից դրդված գալ միանձնուհի լինելու դժվարին որոշման։ Մեր ժամանակում, երբ կյանքն յուր բազմակողմանի հրապույրներով այնքան է սիրելի դարձրել աշխարհը, որ մարդիկ, ամենաթանկագին սրբություններն անգամ զոհ են բերում նրա սիրուն, տարօրինակ է, որ սիրելու և սիրվելու բոլոր բարեմասնություններով օժտված մի կին փախչում է այդ սիրազվարճ աշխարհից և փակում իրեն մի հեռավոր և անծանոթ անկյունում, գյուղական կոշտ ու կիսավայրենի ժողովրդի մեջ՝ լոկ նրան ծառայելու պաշտոնը ստանձնելով։
Այս ամենն ինձ համար առեղծվածներ էին, որոնց պարզելու համար պակասում էր միջոց։ Ես անհամբերությամբ սպասում էի մեր երկրորդ տեսակցության, հավատացած լինելով թե՝ այդ ժամանակ արդեն կհաջողվի ինձ լուծել այս տարօրինակ հանելուկը։