Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է ընդունել այնպես, ինչպես որ լսում եք, որովհետև նրա այո՛ն այո՛ է և ո՛չն՝ ո՛չ։

Հասանք քահանայի տունը, ուր ճաշի սեղանը պատրաստած՝ սպասում էին մեզ։

Այստեղ ծանոթացա տեր-հոր կրտսեր որդուն՝ Հակոբին, որն իմանալով, թե իրենք հյուր ունին, շտապել էր աներոջ տնից վերադառնալու, որպեսզի յուր բացակայությունը տան հյուրի աչքին չզարներ։ Սա նույնպես բարեկազմ, առողջ, բայց ըստ երևույթին ավելի կրակոտ մի երիտասարդ էր։ Իմ հարցին, թե եկեղեցո՞ւմն էիք, նա համարձակ նկատեց։

— Կարելի՞ է միթե կիրակի օրն եկեղեցուց ետ մնալ:

Բայց երբ յուր հարսնացուի որպիսության մասին հարցրի, նա գլուխը խոնարհեց և միայն մի քանի անլսելի բառեր շշնջաց։

— Էհ, սիրելիս, Հակոբի համար դեռ վաղ է յուր նշանածի մասին խոսելը,— նկատեց տեր-հայրն, օգնության հասնելով որդուն,— նա ինքն էլ մեզանից է տեղեկություններ հարցնում։

Ես ծիծաղեցի, բայց, իհարկե, երիտասարդի ներկայությամբ հակառակ կարծիք չհայտնեցի, մտածելով, որ պարկեշտությունն ու ամոթխածությունը վնաս չեն բերիլ նրան այս դեպքում։

Տեր-հոր երկու որդիներն էլ քույր֊Աննայի աշակերտներն էին։ ճաշի նստելով մենք բոլոր ժամանակ դարձյալ խոսում էինք նրա մասին։ Երբ ես կրկին անգամ իմ գոհությունը հայտնելով եկեղեցուն տեսածս կարգապահության և գեղեցիկ ու ներդաշնակ երգեցողության մասին հարեցի թե՝ «արդարև, շատ քաղաքների եկեղեցիներ կարող են նախանձել ձեր գյուղական եկեղեցուն», տեր-հայրը պատասխանեց։

— Շատերը կնախանձեն մեր գյուղին, նաև նրա ուրիշ առավելությունների համար, որ դուք, իհարկե, ձեր աչքով կտեսնեք և որոնց բոլորի սկզբնապատճառն այդ միանձնուհին է։ Այո՛, մենք նրան շատ ենք պարտական․ այդ գիտե ինքը, մեր ժողովուրդը։ Եվ եթե նրան այժմ հարցնես թե՝