Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգիստ սրտով ուղղում էր նա մի երկու, ըստ երևույթին բացառություն կազմող, աշակերտների շարունակ կրկնվող միևնույն սխալները։ Ո՛չ միայն բարկանալն, այլ և կոշտ խոսելը, կարծես հանցանք էր համարում. մի հատկություն, որ ճրագով ենք որոնում մեր վարժապետների մեջ։ Սիրով լսեցի երիտասարդ ուսուցչի ամբողջ ժամվա դասախոսությունը, որ, ըստ ամենայնի, գոհություն պատճառեց ինձ:

Բոլորովին ուրիշ ազդեցություն գործեց ինձ վրա գեղջուկ վարժուհին, երբ երրորդ դասին նրա դասարանը մտա: Նրան տեսնելուց և մի փոքր լսելուց հետո, ես նմանեցրի նրան այն թանկագին գոհարին որ դեռ նոր հողի միջից հանված, իր անողորկ տեսքի պատճառով թվում էր մի աննշան ապակի, բայց հմուտ ակնագործը գուշակում է թե՝ որ թագուհու ճակատը կարող է նա զարդարել, եթե ինչպես հարկն է հղկվի ու կոկվի։

Յուր հագուստով նա չէր զանազանվում աշակերտուհիներից։ Հագած էր հասարակ չթիղ արխալուղ, կարմիր շիլայից երկար շապիկ, նույն կտորից կապած մի գոտի պատում էր մեջքը իսկ մի փոքրիկ կանաչ չարղաթ ծածկում էր գլուխը։ Ահա, այս էր վարժուհու բոլոր հանդերձանքը: Եթե ես պատահեի նրան աղբյուրի վրա, ջրի սափորն ուսին, ոչնչով չէի զանազանի մյուս գեղջկուհիներից։ Բայց այժմ նա իմ առաջ կանգնած դաս էր խոսում մաքուր հայերեն լեզվով և այն որքա՜ն հմտությամբ, շնորհքով, քաղցր ու գրավիչ ձայնով։ Մի՜թե չպետք է զարմանայի ու հիանայի։ Ես այնքան զգացվել, ոգևորվել էի, երբ դասը վերջացավ և ես դուրս գալով պատշգամ պատահեցի քույր-Աննային, կլամենում էի առնել նրա ձեռքերը և ջերմագին, անվերջ համբույրներով ծածկել՝ ի նշան իմ սրտնեռանդ շնորհակալության։ Բայց ավա՜ղ, չէի կարող այդ անել և չգիտեի ի՞նչպես զեղանել նրա առաջ իմ անկեղծ զգացմունքները։

— Ձեր գործը գովելու համար ես լեզու չունիմ,— ասացի նրան,— ընդունեցեք, գոնե, իմ ջերմագին շնորհակալությունը, իբրև իմ ներքին գոհունակության և, առավել ևս, իմ մեծագույն զարմացման մի տկար առհավատչյա։

— Շնորհակալ եմ, դուք ինձ քաջալերում եք, երևում