է մտնել դասատուն։ Այս բոլորից հետո կարող եր մակաբերել, թե ես ի՞նչ աչքով եմ նայում գյուղացու կրթությանը և ո՞րքան հակառակ եմ, որ գյուղացին՝ յուր մասնավոր ուսումն ու կրթությունը ստանալուց հետո, գյուղացի լինելու փոխարեն, ձգտի լինել մի ուրիշ բան:
Մինչդեռ ես ուշադրությամբ լսում էի քույր-Աննային, զանգակը հնչեց և աշակերտները կարգով սկսան հավաքվել դասարանները։ Այդ ժամանակ միայն նկատեցի աշակերտների բազմությունը և հարցնելով տեղեկացա, որ դպրոցը կազմված է երկու նախակրթական և մի առաջին դասարաններից։ Իմ հարցին թե՝ ո՞վքեր են դասախոսում նախակրթարաններում, քույր-Աննան ժպտալով պատասխանեց.
— Իմ պատրաստած վարժապետն ու վարժուհին։
— Ո՞ւր են նրանք,— հարցրի ես հետաքրքրությամբ։
— Ահա՛ վարժապետը, ահա՝ վարժուհին, — ցույց տվավ նա պարզ հագնված մի գյուղացի պատանի և նույնպիսի հագուստով մի պատանեկուհի, որոնք աշակերտների ետևից մտնում էին դասատուն։
— Դրանց ես սովորողների տեղ էի ընդունում, այնքան մանկամարդ են,— նկատեցի ես։ — Ո՛չ, դրանք իմ օգնական դասատուներն են, հաճեցեք ներկա լինել նրանց դասերին, եթե կցանկանաք, հուսով եմ, կհավանեք։
— Շնորհակալ եմ, մեծ ուրախությամբ,— ասացի ես և չկամենալով այլևս ուշացնել քույր-Աննային, ինքս առաջինն ուղղվեցա դեպի այն դասարանը, ուր երիտասարդը պիտի դասախոսեր։
Նույնպիսի հարգանքով ընդունեցին ինձ և այստեղ: Գեղջուկ վարժապետը քաղաքավարությամբ աթոռ առաջարկեց ինձ. ես նստա և սկսա լսել:
Հարցնելու և ուղղելու միևնույն ձևը, ղասախոսելու և բացատրելու նույն եղանակը, ինչ-որ քույր-Աննայի նույնն և այս երիտասարդի մեջ նկատեցի. սա նրա հարազատ պատճենն էր։ Զարմանում էի այս գեղեցիկ նմանության և առավել ևս այն համբերության վրա, որ նորատի երիտասարդն ուներ: Որպիսի՜ քաղցրությամբ և որքա՜ն