Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու կենարար ուժին՝ ապագայի նկատմամբ։ Այդ պատճառով էլ աշխատում եմ այնպիսի հիմքերի վրա դնել այդ գործը, որ իմ մեռնելուց հետո նա չտկարանա, որ հողմերն ու հեղեղը չսասանեն նրան։ Այժմյանից արդեն ես արժանավոր և գուցե ինձանից ավելի լավ գործող հաջորդներ եմ պատրաստում և երդմամբ պիտի պարտավորեցնեմ նրանց՝ նույնն անել որդվոց որդի։ Եվ որովհետև ես վստահ եմ իմ ներշնչած ոգուն, ուստի և կարող եմ հանգիստ սրտով մեռնել»։

Ես ուշադիր լսում էի քույր-Աննային և սրտանց ցանկանում, որ նա ավելի խոսեր։ Ոգևորվում էի նրա զրույցներով, ուստի և փափագում շարունակ լսել նրան… Բայց աշակերտներն արձակվեցան. ժամանակ էր և ինձ հեռանալ: Միայն խնդրեցի, որ նա պաշտոնապես ծանոթացնե ինձ յուր վարժապետին ու վարժուհուն: Քույր-Աննան կատարեց խնդիրս սիրով։ Իմացա, որ վարժապետի անունը Պետրոս է, Կովիկյան ազգանունով, իսկ վարժուհունը՝ Մանիշակ Սահակյան։ Մի քանի խոսք էլ դրանց հետ փոխանակեցի, որի ժամանակ նորատի վարժուհին շարունակ շիկնում էր։ Հետո կրկին անգամ շնորհակալություն արի քույր-Աննային, ողջունեցի նրա երիտասարդ օգնականներին և հեռացա՝ քայլերս ուղղելով իմ հյուրընկալ տեր-Հովսեփի տունը։

Հունիսի 7

Անցյալ օրը քույր-Աննայից հեռանալով՝ բավական մտածում էի իմ տեսած ու լսածների վրա։ Ինձ զբաղեցնում էին միանձնուհու հայտնած կարծիքներն ու հայացքները, երկար որոճում էի նրա գեղեցիկ խոսքերը և վերջը գալիս այն եզրակացության թե՝ արդարև այդ բոլորը երազներ չեն և գոյություն ունին։ Բայց նախկին մտածմունքը դարձյալ տանջում էր ինձ.— «Ո՞վ է վերջապես այդ կինը»…։ Ես անպատճառ ցանկանում էի իմանալ, նման այն մանրակրկիա հետաքրքրին, որ արհեստի մի հրաշալիք տեսնելուց, չէ բավականանում նրա վրա նայելով ու զվարճանալով, այլ