և հետամուտ է լինում նրա ստեղծագործության գաղտնիքն իմանալու։
Արդեն որոշել էի դիմել քույր-Աննային և առանց այլևայլության խոսելու նրա հետ, ինձ մտատանջություն պատճառող հարցի մասին։ Երբ մի կին այս աստիճանի հետաքրրքրում է ինձ յուր հասարակական օրինակելի գործունեությամբ, հանցանք չէ, որ ես փափագեմ նրա անձին ու անցյալին ճշմարտապես ծանոթանալու, այստեղ քաշվելու բան չկա.— մտածում էի ես։
Այդ իսկ պատճառով, երեկ, դեռ առավոտվանից, դարձյալ դպրոցումն էի։ Տեսնվեցա քույր-Աննայի հետ, լսեցի նրա դասերը, խոսեցինք զանազան նյութերի վրա, բայց և այնպես չկարողացա մոտենալ իմ նպատակին։
Զարմանալի և տարօրինակ մի կին է այդ միանձնուհին։ Երբեմն այնքան մեղմ, քաղցր ու հեզահամբյուր է, որ մարդ կարծում է, թե նրա ամբողջ գոյությունը կարող է առնել իր ափի մեջ, իսկ երբեմն այնքան սառն և բարձրահոն, որ ես համարձակ չեմ կարողանում նայել երեսին։
Այսուամենայնիվ, երեկ ճաշից հետո դարձյալ գնացի նրա մոտ վճռած լինելով իմ մտքում հայտնել նրան իմ ցանկությունը առանց տատանվելու։
Քույր-Աննային պատահեցի ուսումնարանի բակում օրիորդ Մանիշակի հետ։ Նրանք զբաղված էին իրենց ծաղիկներով։ Կույսն ինձ տեսնելով թողեց գործը, մոտեցավ և բարևեց, ապա աթոռներ բերել տալով՝ առաջարկեց նստել հովանավոր նշդարիների տակ։
Սկսանք խոսել։ Մի քանի թեթև հարցեր շոշափելուց հետո, ես աշխատեցի մեր զրույցը դարձնել այնպիսի խնդիրների վրա, որոնց միջոցով կարելի լիներ պարզել իմ հայացքներն այս կամ այն հարցի վերաբերմամբ և այդ ճանապարհով ծանոթացնել քույր-Աննային իմ ներքին աշխարհին, համոզմունքներին և գաղափարներին, որպեսզի դրանով նրա հոգեկան մտերմությունը վաստակեի։ Եվ որովհետև ես այն կարծիքին էի թե ոչ մի արտաքին հանգամանք այնպես շուտ չի գրավիլ կնոջ բարեկամությունն