Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի՞թե այս լեռները ձեր աշխարհում չեն գտնվում,— հարցրեց նա ծիծաղելով։

— Ոչ, ինչպես և միանձնուհիները չեն ապրում մեր աշխարհում։

— Հասկանում եմ, բայց ասացեք խնդրեմ, կա՞ ձեր աշխարհում ավելի քաղցր ու սիրելի մի կյանք, քան ինչ-որ այստեղ վայելում եմ ես։

— Չկա, այդ ճշմարիտ է, բայց այդ կյանքի քաղցրությունը ճանաչել կարողանալու համար, շատ փոքր պիտի լիներ այն հասակը, որ ունեցել եք դուք այստեղ գալու ժամանակ։ Իմացա, որ քսան տարուց ավելի է, ինչ գործում եք այստեղ։

— Ընդունեցեք, ուրեմն, որ այստեղ գալու ժամանակ էլ քսան տարեկան էի։ Եվ մի՞թե այդ հասակը բավական չէր, որ ես ճանաչեի սիրած աշխարհի ոչնչությունը և նրա մեջ ինձ համար գրավիչ ոչինչ չգտնելով՝ հեռանայի նրանից՝ ավելի բարձր կյանքի նվիրվելու համար։

— Անկարելի է,— բացականչեցի ես,— աշխարհը որքան էլ ոչինչ, որքան էլ ունայն լինի, դարձյալ մի քսանամյա երիտասարդ աղջկա համար շատ հրապույրներ ունի յուր մեջ։ Անկեղծ եղեք ինձ հետ, աղաչում եմ և խելամուտ արեք ինձ ճշմարտությանը։ Դուք, ուրեմն, մեզ բոլորովին անհայտ մի աշխարհի ծնունդ եք, որ այդ հասակում կարողացել եք անձնվիրության մասին մտածել։ Մեր երկրում այդպիսի բույսեր չեն աճում. գուցե և նրա համար որ սերմանող չկա։ Բայց ինձ, որ պաշտում եմ ձեր մեջ այդ մեծ առաքինությունը, թույլ տվեք հետաքրքրվել և սովորել թե՝ ինչպես է նա մարմնացել ձեր մեջ։ Հավատացեք, որ ես ձեր հայտնությունների և զգացմունքների ամենահավատարիմ ավանդապահը կլինեմ։

Քույր-Աննան ոչինչ չպատասխանեց, նա յուր աչքերը հառեց իմ աչքերին, կարծես կամենալով կարդալ նրանց մեջ իմ խոսքերի անկեղծությունը։ Բայց այդ հայացքը այնքան զորեղ էր որ ես ակամա փախցրի իմ աչքերը նրանից։ Կարճ լռությունից հետո սկսավ խոսել.

— Ես կրկնում եմ, որ իմ անցյալի պատմությունը չի