նկատել, թե ինչո՞ւ ես այդքան համարձակություն առի։ Բայց ես նրան խոսելու ժամանակ չտվի․
— Մի՛ վշտանաք իմ հարցից, հարգելի քույր,— ասացի նրան,— ձեր այս մեծ գործերը տեսնելուց հետո, գործեր, որոնք արդյունք են մեծ անձնազոհության և որոնք ժողովրդի բախտն են կառավարում, ես, իբրև հայ մարդ, իբրև իմ արյունակիցների ուրախության ու վշտերին բաժանորդ, բնական է, որ հետաքրքրվեմ ձեր անցյալով, ոչ իբրև մասնավոր անձի, այլ իբրև հասարակական անձնվեր գործչի։ Ծանր է ինձ, արդարև, ծանոթ լինել ձեր անվանը և ստեղծած գործերին, և, միևնույն ժամանակ, չիմանալ թե դուք ով եք, կամ ո՛ր աշխարհի ծնունդ… Ներեցեք, որ ես պահանջում եմ ավելին, քան գուցե այժմ թույլատրելի է ինձ, բայց հավատացեք, որ ես չեմ ներիլ ինձ, եթե հեռանամ այստեղից լոկ ա'յն ծանոթությամբ ինչ-որ ունիմ ձեր մասին։
-Քույր-Աննան մի ներողամիտ հայացք ձգեց վրաս և ժպտաց։
Այդ ժպիտը նոր վստահություն ներշնչեց ինձ. ես ավելացրի։
— Ուրեմն, մի՛ մերժեք ինձ, խնդրում եմ, պատմեցեք ձեր մասին մի քանի բան, ծանոթացրեք ինձ ձեր անցյալին, որքան այդ հնարավոր է և դա կինի ամենամեծ շնորհը, որ դուք կանեք ինձ։
— Իմ անցյալի՞ն… հավատացեք, որ նա հետաքրքրական ոչինչ չունի յուր մեջ։
— Թող այդպես լինի, այսուամենայնիվ, ես ցանկանում եմ լսել ձեզ և այս ցանկությունից ետ կկենամ այն ժամանակ, երբ կասեք թե՝ անհաճո է ձեզ՝ ծանոթացնել ինձ այդ անցյալին, որը, հավատացած եմ, նույնպիսի հիացում պիտի պատճառի ինձ, որպիսին պատճառում է ներկան։
— Ի՞նչ կկամենայիք, օրինակ, որ ես պատմեի ձեզ,- նույն մեղմ ժպիտով հարցրեց ինձ քույր-Աննան։
— Օրինակ թե՝ ի՞նչ դիպվածներ ստիպեցին ձեզ հեռանալ մեր սիրելի աշխարհից և ապաստանել այս հեռավոր լեոներին։