կային։ Քույր-Աննան հրամայեց աղախնին թեյ բերել մեզ, իսկ մինչև այդ նա լուռ մտածում էր, անշուշտ կամենալով անցյալը, կարելվույն չափ, կենդանացնել հիշողության մեջ։ Քառորդ ժամից հետո նա սկսավ խոսել:
ՔՈՒՅՐ-ԱՆՆԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԱՌԱՋԻՆ ՕՐ
— Թե ի՞նչպես են անցել իմ մանկության օրերը, շեմ հիշում, բայց այն օրից, որ սկսա գիտակցաբար ապրել, գրեթե ոչինչ, նույնիսկ մի աննշան դեպք, ես չեմ մոռացել։ Տասներկու տարեկան աղջիկ էի, երբ հայրս, որ Շ․ քաղաքում պաշտոնական անձն էր, ինձ կարդացնելու որոշումն արավ։ Այդ ժամանակ աղջիկ կարդացնելը մի հազվագյուտ և միայն հարուստ տներին վայել սովորություն էր: Լավ հիշում եմ, թե այդ օրը ի՜նչ մեծ տոն էր ինձ համար: Հայրս, մինչև անգամ, մի փոքրիկ հացկերույթ էր սարքել հյուրասիրելու ինձ համար նշանակված վարժապետին, որ մեր քաղաքի ամենագիտնական քահանան էր։ Նա առաջին անգամ իմ ձեռքը տվավ մի պատկերազարդ այբբենարան։ Առաջին դասս սկսա «Խա՛չ օգնե՛ա ինձ» բառերով, բառեր, որոնց ես այդ ժամանակ թութակի պես արտասանեցի, բայց որոնք հետո իմ դժվարատար օրերի միակ մխիթարիչ հառաչանքները դարձան…
Ես սկսա սովորել եռանդով։ Քերականը ավարտելուց հետո, սաղմոսն ու ռուսերենը միասին սկսա։ Երկու տարուց հետո, իմ հոր կարծիքով, ես հայերենն արդեն ավարտել էի, որովհետև ավետարանը կարդում և թարգմանում էի, ցանկացածս նամակը գրում էի. կրոնից էլ արդեն գիտեի մի փոքր բան, ուրեմն դրանից ավել սովորելիք չէր մնում։ Այդպես էր ասում գոնե հայրս, որի հեղինակությունը մեծ էր իմ աչքում։ Բայց ռուսերենը դեռ երկար պիտի շարունակեի, մինչև որ այդ լեզվով ազատ խոսելն ու անսխալ գրելը սովորեի, որպեսզի հարկավոր դեպքում հորս չամաչացնեի