Էջ:Muratsan, vol. 2.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ սովորել հարկավոր չէ, ուստի ինքն էլ նույնն էր կրկնել։ Այժմ հակառակն էր լսել և կամենում էր ըստ այնմ գործել։ Եվ նրա այդ պահանջի դեմ, ես իսկապես, ոչինչ չունեի։ Մինչև անգամ ուրախ էի կատարել այն, որովհետև հետաքրքրվում էի տեսնել, թե ի՞նչ բան է «օրիորդական» կոչվող դպրոցը և ինչպե՞ս պիտի հավաքվեն այդտեղ բազաթիվ աղջիկներ՝ միասին սովորելու համար։

Մի անգամ հայրս հացկերույթ սարքեց և հրավիրեց հայոց ուսումնարանի տեսչին յուր վարժապետական խմբով և դրանց հետ միասին յուր կուսակցության պատկանող՝ քաղաքի առաջավոր անձերից շատերին, այլև մեր շրջանի տիկիններից նրանը, որոնք վերջին անցքերով հետաքրքրրվողներ էին։

Այդ օրը մեր տան մեջ բոլորովին անսովոր կերպարանք առավ հացկերույթը։ Չկային առաջվա հասարակ ձևի զրույցները, աննպատակ վիճաբանությունները, անհամ կատակները, անտեղի երգ ու պարը։ Այստեղ քչերն էին խոսում և, գլխավորապես, վարժապետական խումբը։ Իսկ մնացածներն ուշադիր լսում էին, կամ մերթ ընդ մերթ մի նկատողություն անում։ Բոլորի կերպարանքն էլ, թեպետ ուրախ ու զվարթ, բայց սքողված էր մի ինչ որ լրջությամբ։

Տեղի ունեցող ընդհանուր խոսակցությունը թեպետ իմ ականջներին անսովոր, այսուամենայնիվ, հետզհետե գրավում էր ինձ. ես լսում էի այն ուշադրությամբ։ Գործ դրված բառերն ու խոսքերը միատեսակ մոտիկ, ընտանի էին թվում սրտիս։ Այդ տեսակ խոսակցություն, հիշում էի, որ երբեմն ունենում էր հորս հետ նաև իմ դասատու քահանան, բայց հայրս արհամարհանքով և հեգնությամբ էր վերաբերվում նրան, ուստի վերջինս զգուշանում էր երկրորդ անգամ խոսելուց, որովհետև բավական քաջություն չուներ հորս համոզելու։

Իսկ այժմ ես բոլորովին զարմանում էի, թե ի՛նչպես նույն հայրս, այն արհամարհող, հեգնող և ոչ ոքին իրենից բարձր չհամարող մարդը, խորին ակնածությամբ, աչքերը ճառախոս տեսչին հառած՝ լսում էր նրան և նրա ամեն մի խոսքին հավանության նշան անում գլխով։

Որքան հիշում եմ, այդ օրից արդեն արթնացավ իմ մեջ