էր բերում։ Այս պատճառով նրա գալստյան ես սպասում էի այժմ մի առանձին հետաքրքրությամբ։
Մի երեկո մեր տունը հավաքվեցան քաղաքում ձայն ու կշիռ ունեցող մի խումբ մարդիկ, որոնց հետ և նորեկ վարժապետներից մի քանիսը։ Առանձին սենյակում փակված նրանք երկար խորհրդակցում էին։ Շատ սպասեցի, որ խորհուրդը վերջանար և ես իմ հորից խորհրդի ի՞նչ լինելն իմանայի. բայց այն շուտ չվերջացավ և ես քնեցի։
Հետևյալ առավոտ հայրս հայտնեց, որ արդեն որոշել են մեր քաղաքում բանալ հայոց օրիորդական դպրոց (որ աոաջին փորձն էր), թե՝ հարուստներից մինն արդեն յուր տան մի հարկը ձրիաբար դրել է ապագա դպրոցի տրամադրության ներքո և թե՝ շատ շուտով դպրոցական պարագաները պիտի պատրաստվին, որպեսզի աշակերտուհիների ընդունելությունն սկսվի։ — «Դու էլ, սիրելիս, կշարունակես այդտեղ քո ուսումը,— ավելացրեց հայրս,— քեզ դեռ շատ բան է պակասում»։
Հորս վերջին խոսքն ինձ զարմացրեց։ Ես արդեն ուսումնավարտ աղջիկ էի համարում ինձ, իսկ նա դեռ նոր էր ասում, թե շատ բան է պակասում ինձ։
— Ի՞նչ պիտի սովորեմ այնտեղ,— հարցրի ես հեգնական ժպիտով։
— Հայերեն, սիրելիս հայերեն, այդ բանում դու շատ ետ ես մնացել։
Ես բոլորովին զարմացա:
—Բայց չէ՞ որ դու ասում էիր, թե հայերենի համար ավետարան կարդալ ու թարգմանելը և մի փոքր էլ նամակ գրելը բավական է,— հարցրի ես տարակուսած։
— Այո՛, բայց այն ժամանակ քո առողջությունը թույլ էր, ես չէի կամենում որ երկու առարկայի դասերով ծանրաբեռնվիս։ Բայց այժմ որ բավական առողջ ես, ուսմանդ պակասը պիտի լրացնես,— պատասխանեց նա։
Սակայն բուն պատճառը ուրիշ էր։ Հայրս թեպետ շատ բարի, բայց սեփական կարծիք ու համոզմունք ասած բաները չուներ։ Ամեն մի զորեղ լեզու կարող էր նրան իր գերին դարձնել: Առաջ նրան այնպես էին հասկացրել, որ հայերին