ապականված ջրով և վնասակար հյութերով չեն սնվել, ապա ուրեմն ծառը հաստատուն և պտուղները բարի կլինին։ Չպետք է տարակուսել այն սերնդի առաքինության վրա, որին դաստիարակում են առաքինի մայրեր։ Առյուծներն աղվեսներին կաթ չեն ջամբում և ոչ էլ դյուցազնուհիները գաճաճներ են սնուցանում։ Ավելի մեծ է այն ազգը, որ արժանավոր մայրերով է հարուստ, քան այն ազգը, որ յուր թնդանոթներով է պարծենում։ Հին պատմությունից մի օրինակ ավելի լավ է ապացուցում այս ճշմարտությունը։ — Հռոմայեցիների զորքերը փախուստ տվին հայրենակից Կորիոլանի երեսից, որն յուր հայրենիքի դեմ ապստամբելով, հարձակվել էր Հռոմի վրա, թշնամի Վոլսկաց զորքերով։ Քաղաքը սարսափի մեջ էր. ծերակուտի խնդիրն ու աղաչանքը արհամարհվեցան, Կորիոլանը անդրդվելի էր. նա սպառնում էր Հռոմը կործանել… Բայց երբ քաղաքի պարիսպներից դուրս երևաց Կորիոլանի մայրը, պառավ Վետուրիան, և որդին դիմեց նրան գրկախառնվելու, մայրը բացականչեց. «Հեռո՜ւ, ինձանից… Թող տեսնեմ, որդո՞ւ մոտ եմ գալիս, թե՞ թշնամու. գերի՞ եմ քո բանակում, թե՝ մայր… Մի՞թե երկար ապրեցի նրա համար, որ քեզ տեսնեմ ապստամբ ու թշնամի։ Ի՞նչպես համարձակվեցար ավերել ա՛յն երկիրը որ ծնեց քեզ, ի՞նչպես չթուլացավ քո զայրույթը, երբ հայրենիքի սահմանները մտար, ի՞նչպես կարողացար հեռվից տեսնել Հռոմը և չհիշել, որ այնտեղ բնակվում են մայրդ, կինդ և զավակներդ… Եթե ես քեզ չծնեի, Հռոմը չէր վտանգվիլ այս կռվից, եթե ես որդի չունենայի, ազատ կմեռնեի իմ ազատ հայրենիքում…»։ Մոր խոսքերը ապստամբ որդու սիրտը շանթահարեցին. Կորիոլանի զայրույթն իջավ, նրա ոտքերը թուլացան և մոր գիրկն ընկնելով՝ բացականչեց.— «Մայր իմ, հայրենիքդ փրկեցիր, բայց որդիդ կորուսիր…», և Վոլսկաց ձեռքը մատնվելով, համաձայն յուր դաշինքին, սրախողխող եղավ։ Տեսեք ուրեմն, թե ո՞վ է մայրը, տեսեք թե ո՞րի դաստիարակության համար է, որ մենք պիտի զոհենք ամեն բան։ «Կանա՛յք,— ոգևորված բացականչում էր երիտասարդը,— հանեցեք ձեր զարդերը․
Էջ:Muratsan, vol. 2.djvu/371
Արտաքին տեսք