տվեք մեզ ձեր մատանիները, ձեր գինդերը, ձեր ապարանջանները, ո՛չ որ ոսկի հորթ ձուլենք ձեզ համար, այլ ձեր աղջիկների կրթության և դաստիարակության համար հիմնենք տաճար ու սրբարան, որ ապագայում լուսավոր, առաքինի և ձեր անվանը փառք ու պատիվ բերող որդիք ու թոռներ պիտի շնորհե ձեզ։ Դուք, հայ կանայք, որ մինչև այսօր օրինակելի առաքինությամբ ապրելով հայ ընտանիքի սրբության ու հաստատության խարիսխն էիք կազմում, իմացեք, որ ձեզանից հետո նույնը լինել չեն կարող ձեր որդիները, եթե միայն ձեր չափով լուսավորվեն. որովհետև դարը փոխվում է, կյանքը այլակերպվում, ապականությունը զորանում և առաքինությունը նվազում… Պետք է այդ չարիքների դեմ թումբեր հաստատել, այդ թումբերն են հիմնավոր ուսումը և ճշմարիտ լուսավորությունը։ Դրանք տարածելու համար մենք կարոտում ենք ձեր աջակցության և օրհնության»։
Մեր տանը եղած ժամանակ ես հարմարություն ու միջոց չունեցա ավելի մոտ ծանոթանալու այդ վարժապետին։ Բայց այստեղ դեպքն ինքն իրեն ներկայացավ։ Ճաշից վերջը նա մոտենալով ինձ և ընկերուհիներիս, տեղեկություններ հարցրեց մեր ուսման ու պարապմունքի մասին։ Երբ կարգը հասավ ինձ և ես իմ սովորածների հաշիվը տվի․ նա ասաց.
— Դուք դարձյալ պիտի շարունակեք սովորել և եթե եռանդ ու ցանկություն ունենաք, կարող եք պատրաստվիլ վարժուհի մեր նոր բացվելիք դպրոցի համար։ Կգա մի օր, երբ մենք չենք լինիլ և դուք պատրաստված լինելով՝ մեր սկսածը կշարունակեք։ Յուրաքանչյուր մարդու վրա, կին լինի նա, թե տղամարդ, սրբազան պարտք կա որոշ չափով հասարակության ծառայելու։ Իհարկե, շատ ունեցողը շատ կտա, քիչ ունեցողը՝ քիչ, բայց այդ պարտքից ազատ չէ ոչ ոք։ Զգուշացեք, օրիորդներ, — ասում էր նա, դառնալով բոլորիս,— որ ձեր ծաղկող հասակն ապարդյուն չանցնե նման բարդի ծառին որ ուռճանում, բարձրանում է մինչև ամպերը, բայց ո՛չ հովանի է տալիս արևակեզ անցորդին և ոչ էլ պտուղ տնկող մշակին։ Այժմյանից արդեն պիտի սովորեք