Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Կրոնը,— ասում էր նա,— սովորեցնում է մեզ սիրել բարին, ճշմարիտը և ընկերը, և հեռանալ այն ամենից, ինչ որ արգելք է լինում այդ սիրու աճելության»։ Այսպես սահմանելով կրոնը, նա աշխատում էր զարթեցնել մեր սրտերում սիրո գեղեցիկ զգացումը։ Եվ նրա աշխատությունը ապարդյուն չէր անցնում։ Գուցե իմ վերաբերմամբ կարող եմ ասել, թե՝ յուրաքանչյուր դասից հետո ես ինձ զգում էի մի տեսակ փոխված, մի ինչ որ թեթև ու բարձր մթնոլորտում, ինձ թվում էր թե՝ այդ միջոցին ես ավելի եմ սիրում ինձ շրջապատողներին, ավելի քաղցր ու ներող աչքով նայում նրանց թերություններին։ Ինչ վերաբերում է ազգային պատմության, դա արդեն ոգևորության անսպառ աղբյուր էր մեզ համար։ Ուսուցիչն այդ առարկան ավանդում էր մեզ ոչ իբրև դաս, այլ իբրև հոգի, կենդանացնելով մեր առաջ անցյալը և սովորեցնելով՝ ներկայի համար նրանից օգտվելու ճանապարհը։

Պետք է ասել, որ իմ ընկերուհիների մեջ ամենից ավելի եռանդով սովորում էի ե՛ս։ Ուսուցչիս արտասանած ամեն մի բառը, խոսքը, պատմածը հափշտակում էի ագահությամբ։ Իսկ դրանից հետո էլ ոչ մի գործ, կամ զբաղմունք չէին կարողանում հեռացնել ինձ ստացածս դասերը պատրաստելուց։ Իմ ուրախությանը չափ չէր լինում, երբ առանց ամենափոքր սխալի և դժվարության պատասխանում էի դասերս։ Ուսուցիչը գովում էր ինձ հաճախ, բայց չէի կամենում, որ նա գովեր ինձ իմ ընկերուհիների ներկայությամբ. դրա համար ամենափոքր ինքնասիրություն անգամ չունեի։ Ես կամենում էի, որ նա միայն ինքը հասկանար, թե յուր տված դասերը չէի կարող չսովորել, որ իմ միակ ուրախությունն ու ցանկությունը իրեն գոհություն պատճառելս էր։

Մի քանի ամսից հետո հայրս հայտնեց ինձ, թե ուսուցիչս խորհուրդ է տվել իրեն, հանել ինձ դպրոցից: Ես բոլորովին զարմացա. սա անսպաս նորություն էր:

- Ինչպե՞ս,— բացականչեցի ես,— մի՞թե նա իմ մեջ պակասություն է նշմարել։