Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնը և մշտականը, որպեսզի ծնողներիս հետապնդությունից ազատվեի, որովհետև ներքին ճնշումից ավելի վատ էր ազդում վրաս արտաքին այդ ճնշումը։ Այս պատճառով hետզհետե սովորում էի ոչ միայն քողարկել զգացմունքներս, թաքցնել հուզմունքս, այլև կեղծել ուրախություն, աշխատելով նույնիսկ խաղալ, երգել, զբաղեցնել շրջապատողներիս և այս ամենը նրա համար, որ իմ ներքին աշխարհը անտեսանելի կացուցանեմ օտար աչքերից… իսկ այս dեպքում՝ օտար էի համարում ես ամենքին, նույնիսկ ծնողներիս: Այսուամենայնիվ, այս դրությունն էլ երկար չտևեց։ Կեղծելը, որ առաջ հետապնդությունից ազատվելու միջոց էի համարում, շուտով դարձավ ինձ անտանելի, ես սկսա ամաչել նույնիսկ ինձանից և իմ ցավը դարմանելու համար աշխատել դիմել ազնիվ միջոցի։— «Ինչո՞ւ համար եմ ստորացնում ինձ,— մտածում էի ես.— մի՞թե արդարև հանցանք եմ գործում՝ սիրելով երիտասարդներից ամենաազնվին և արժանավորին. ինչո՞ւ այս բանը չհայտնեմ ծնողներիս, ինչո՞ւ օրն ի բուն զուր տեղը տառապիմ. մի՞թե նրանք սիրտ չունին, զգալ չգիտե՞ն, կամ երբեք չե՞ն սիրել…»։

Հազիվ այս մտածմունքը հանգստացնում էր սիրտս, կամ փոքր ինչ հուսադրում ինձ, և ահա՝ մի ուրիշը գալիս ոչնչացնում էր նրա ազդեցությունը… «Ի՞նչ եմ ասում. մի՞թե խելագարվել եմ… հնարավո՞ր բան է արդյոք հորս նման մի խիստ մարդուն այսպիսի անլուր, անօրինակ նորություն հայտնել։ Ո՞վ է այդ բանն արել այս քաղաքում. որի՞ն կարող են հիշել ծերունիները… Եվ մի՞թե սա կայծակի ձմի հարված չի լինիլ իմ պատվասեր հոր համար, որն այնքան բարի և ազնիվ սրտով ընդունեց յուր տան մեջ օտար երիտասարդին։ Կարո՞ղ էր միթե նա երևակայել, թե յուր պարկեշտ, ամոթխած Աննան, այսօրինակ համարձակ ընտրությամբ ամոթահար կանե իրեն՝ յուր բարձակիցների առաջ… Եվ մի՞թե Սիմոն-բեկը, քաղաքի առաջնակարգ, պատվավոր և հարուստ մարդը կկապե՞ յուր միամոր աղջկա բախտը մի վարժապետի հետ…

Բայց երբ նորեն առողջ դատողությունը հաջորդում էր