իմ նախապաշարմունքներին, ես ինձ հարցնում էի.— «Ինչե՞ր եմ խոսում. ո՞վքեր են այդ պատվավոր քաղաքացիները, ինչո՞վ են նրանք ավելի բարձր ու ազնիվ, անձնվեր հայ ուսուցչից. մի՞թե իրենց դիրքով, իրենց հարստությամբ, կամ ա՛յն համոզմունքով, որ իրենք իրենց համար կազմել են տգիտաբար։ Քանի՞ փող արժե այն դիրքը, այն հարստությունը, որ միայն իրենց անձին և գոյությանը դյուրություն տալու է ծառայում։ Մի՞թե բարձրը և ազնվագույնը սիրել գիտցող սիրտը պիտի ակնածե՞ այդ անկենդան կուռքերից։ Ի՞նչ պետք է ինձ նրանց հայեցակետը, քանի որ ես իմ սեփականն ունիմ։ Գարեգինն ամբողջ գլխով բարձր է իրեն շրջապատող հասարակությունից. այդ հարուստ ու պատվավոր մարդիկ գլուխ պիտի խոնարհեցնեն նրա ազնիվ սրտի և հայրենասեր հոգու առաջ…»։
Եվ այսպիսի ժամանակ, երբ մտածում էի թե՝ սիրում եմ նրան, որի վրա բոլոր աչքերը նայում են սիրով ու հափշտակությամբ, մի ներքին հպարտություն լցնում էր հոգիս, և ես հաստատապես վճռում էի տանել ամեն նեղություն ու զրկանք, բայց երբեք չհրաժարվիլ սիրածս անձից:
Սակայն այսպիսի որոշումով զգացածս ուրախությունը դարձյալ թունավորում էր մի ուրիշ մտածմունքով.— մի՞թե ամուլ չէ այս սերը,— հարցնում էի ինքս ինձ.— ինչպե՞ս իմանամ, թե Գարեգինը նույնպես կսիրե ինձ, թե նա կբաժանե իմ հրատոչոր զգացմունքը… Մի՞թե նրա վեհ, բարձրաթռիչ հոգին կարո՞ղ է երբևիցե դեգերել եսասիրության այն նեղ մթնոլորտում, ուր ապրում է իմ հոգին։ Կա՞ իմ մեջ մի արժանիք, որ նրա արժանիքներից փոքրագույնին հավասարեր, կամ մի ձիրք, որ նրա հիացումը գրավեր։ Հասարակ մի աղջիկ, ողորմելի զարգացումով և ավելի ևս ողորմելի ձգտումներով, մի՞թե ես իրավունք ունիմ սիրել նրան կամ հուսալ՝ նրանից սիրվելու… Օ՜հ, ոչ, սա տղայական մի ցնորք է, որին իզուր հետևում է իմ թույլ ու անզոր սիրտը։ «Ավելի լավ է զգաստանամ և աշխատեմ մոռանալ նրան…»,— որոշում էի ես վերջապես և սակայն այդ որոշումը ևս թողնում անգործադիր։
Եվ այսպես օրերն անցնում էին, իսկ իմ դրությունը