Էջ:Muratsan, vol. 2.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


քայլն արի. ինչո՞ւ նվաստացա նրա առաջ… Մի՞թե մի համեստ և օրինավոր աղջկա կվայելե՞ր այդպիսի հանդուգն վարմունք, մտածում էի ես ու տանջվում: Ապա ցանկանում էի, որ նա այդ օրը չգար, որովհետև երեկվա անցքից հետո ես քաջություն չէի ունենալ նրա երեսը ելնելու: Մյուս կողմից էլ մտածում թե՝ լավ կլիներ, որ գար, որպեսզի նրա հայացքից ու խոսքերից կարողանայի վերջնականապես իմ ճակատագիրը որոշել։ Ճիշտ է, սկզբում ծանր կլիներ ինձ՝ դեմ առ դեմ խոսել հետը, բայց դրանով հետո իմ տագնապը կնվազեր։

Որքան ուժ ունեի, ժողովեցի դաս պատրաստելու, որպեսզի գոնե այսօր կարողանամ մի բան պատասխանել: Կարդացի, գրեցի, բայց առանց ոչինչ հասկանալու և մեքենայաբար։ Հետո նստա իմ սովորական տեղը, պատուհանի առաջ և սպասեցի նրան։ Ժամը տաներկուսը զարկեց։ Ուր որ է նա պիտի երևար, այս նրա գալստյան ժամն էր։ Սիրտս սկսավ անհանգիստ տրոփել։ Շարունակ մտածում էի թե՝ ի՞նչպես պիտի նրա դեմը ելնեմ։ Մտքիս մեջ խոսքեր, դարձվածքներ էի պատրաստում, որպեսզի հարկավոր դեպքում պատշաճավոր պատասխան տամ: Մինչև անգամ մտածում էի թե՝ դեմքի ինչ արտահայտությամբ պիտի ողջունեմ նրան, կամ նրա ողջույնն առնեմ։

Սակայն անցավ քառորդ ժամ, անցավ կես ժամ, և նա չկար։ Այնուամենայնիվ, ես սպասում էի։ «Գուցե մի անակնկալ դեպք ուշացրել է նրան, նա անպատճառ կգա»,— մտածում էի ես։ Բայց անցավ ամբողջ ժամ և նա դարձյալ չկար։ Սա չարագուշակ նշան էր, որովհետև Գարեգինը, րոպեների նկատմամբ իսկ, ճշտապահ էր:— «Չլինի թե ինձանից հեռացել է բոլորովին»,— մտածեցի ես և մի գաղտնի երկյուղ իմ սիրտը ճմլեց։ Վայրկյանները սլանում էին և ինչպե՜ս արագ, ինչպե՜ս սրընթաց։ Վերջապես երկրորդ ժամը զարկեց։ Ինձ հրավիրեցին ճաշի, և ես մտա սեղանատուն։

— Այս ի՞նչ է, վարժապետդ այսօր չեկա՞վ,— հարցրեց հայրս։