դասից դուրս՝ նրանց հետ խոսելու։ Ամեն այցելություն, ամեն զվարճություն պետք է զոհել այդ սուղ ժամանակը շահավոր կերպով գործադրելուն։ Վարժապետներիս վրա ծանր պարտք կա, թե՛ ներկայի և թե՛ ապագայի վերաբերմամբ։ Բավական չէ վարձկան մշակի պես նշանակած ժամերին դասախոսել և հեռանալ. պետք է անձնվիրությամբ աշխատել, պետք է գործին շունչ ու հոգի տալ, որովհետև նոր սերնդի՝ ապագայում արած սխալ քայլերի պատասխանատուն մենք ենք…
Հետո նա պատմեց մի քանի անախորժ նորություններ այն մասին, թե ինչպե՛ս քաղաքում հակառակ կուսակցության մարդիկ աշխատում են իրենց՝ այնքան սիրով ու եռանդով սկսած դպրոցական գործը զանազան մեքենայություններով խանգարել։ Ցավ հայտնեց, որ այդ չարագործության հեղինակներն՝ ոչ թե հասարակ, ուսումից ու կրթությունից զուրկ մարդիկ են, այլ նրանք, որոնց մի անգամ հանձնված է եղել դպրոցի ղեկն ու բախտը։ Եվ այդ հասկացող ու զարգացած մարդիկ՝ դպրոցի դեմ նյութում էին խարդավանանք միայն այն պատճառով, որ առիթ ունենան պարծենալու թե՝ իրենք կարողացան քանդել այն, ինչ որ ուրիշները կամենում էին շինել…
Որքան էլ քաղցր էր ինձ՝ երկար լսել իմ սիրած երիտասարդին, այսուամենայնիվ, նա այդ հաճույքը ինձ չպատճառեց։ Հազիվ մի ժամ մնաց մեզ մոտ, և այդ մի ժամը ինձ համար անցավ մի քանի րոպեների պես։ Ներողություն խնդրելով, որ ավելի ուշանալ չէ կարող, ողջունեց մեզ և հեռացավ, խոստանալով դարձյալ այցելել, եթե ժամանակ կգտնե։
Բայց այդ ժամանակը նա շատ ուշ գտավ, կամ գուցե չկամեցավ շուտ գտնել: Ես սպասեցի նրան երկար։ Անցավ առաջին կյուրակին, անցավ երկրորդը երրորդը, և սակայն նա չերևաց մեր տանը։ Այդ բոլոր ժամանակի ընթացքում ես մի անգամ միայն պատահեցի նրան եկեղեցում, ուր նա դարձյալ սիրով ու ժպտադեմ ողջունեց ինձ և հեռացավ…
Դրանից հետո իմ տխրությունը օրըստօրե ավելացավ․