Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այցելությունները, այլև տարիների կենակցությունը։ Կինը մի գաղտնիք է, որի բանալին յուրաքանչյուր անգամ նորից պետք է ստեղծել, ըստ որում նրա բարոյական կազմությունը ոչ մի տեսական օրենքի չէ ենթարկվում։ նույնիսկ փորձառու մարդիկ ընդհանրապես կանանց մասին խոսելու ժամանակ զգուշանում են որոշ կարծիքներ հայտնելուց, որովհետև մի վերաբերությամբ ունեցած փորձառուությունը անպետք է լինում մյուսի համար։ Հետևապես մի երիտասարդ Մաշտոցյանի համար շատ վաղ էր օրիորդ Ագապյանին ճանաչել՝ դեռ յուր առաջին ծանոթության ժամանակ։ Իսկ վերջինս, չնայելով որ արդեն մերժել էր Մաշտոցյանի հետ ամուսնանալու առաջարկությունը, այսուամենայնիվ ոչինչ ջանք չէր խնայում նույն երիտասարդի ներկայությամբ ավելի գեղեցիկ և շնորհալի, ավելի խելոք և զարգացած երևալու, քան ինչ որ էր իսկապես։ Սա մի բնական ձգտում էր՝ հատուկ ցուցամոլության. բայց քննիչ երիտասարդը չէր տեսնում այդ բանը Ամալիայի գեղեցիկ աչքերը խանգարում էին նրան… ինչ մայր իշխանուհուն էր վերաբերում, նա առաջ աշխատում էր գտնել երիտասարդի մեջ մի աչքի ընկնող պակասություն, խելքի մեջ լիներ այդ, թե դեմքի վերա, որպեսզի կրկին անգամ յուր եղբորից առաջարկություն ստանալուց այդ պակասության առարկությամբ ազատվեր նրանից։ Բայց երբ տեսավ երիտասարդը անբիծ էր (ըստ յուր քննության), այժմ մտածում էր ունենալ նրան ի նկատի, որ եթե իշխանների ու գեներալների բանը չհաջողվի, գոնե այս հարստություն էլ է մնա իրենց, որովհետև իշխանուհին փորձով գիտեր, որ հարսնացու աղջիկներին միայն մի անգամ են հետամուտ լինում. խելք ունեցողը այդ մի անգամը չպետք է ձեռքից տա։

Բայց պարոն Մաշտոցյանը զգաց, որ հակառակ ընդունված սովորության, երկարացան յուր այցելության ժամերը։ Սա պատրաստվում էր արդեն դուրս գալու, երբ ներս մտավ իշխան Ջոմարջիձեն։ Մաշտոցյանի ներկայությունը պարոն ուսուցչի վերա վատ տպավորություն արավ,— «Ուրեմն սրանք կատակ չեն անում,— մտածեց նա ինքն իրեն,— այս բուրժուան կամենում է հափշտակել իմ սեփականությունը…»։