Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտասանել կարողանալու՝ ջերմաջերմ համբույրներով նրա երեսն ու ձեռքերը ծածկեցի։

Այդ րոպեին, արդարև, ես ամենաերջանիկ աղջիկն էի…

Հետևյալ առավոտ հայրս մտավ ինձ մոտ և յուր սովորական անկեղծությամբ ու ծիծաղով ասաց.

— Այդ ի՞նչ է Աննիկս, առանց իմ գիտության փեսա՞ ես ընտրել։

Ես ժպտացի ու գլուխս խոնարհեցի. զգում էի, որ երեսս այրվում է։

— Մի՛ ամաչիր, հոգիս,— շարունակեց նա՝ մոտենալով և գլուխս շոյելով.— ես ամեն բան գիտեմ, մայրդ արդեն պատմեց. ընտրությունդ վատ չէ. սիրածդ երիտասարդը միակն է բոլոր քաղաքի մեջ, ամենից խելոք, ամենից ազնիվ։ Իհարկե, մի փոքր դժվար է ինձ համար՝ աղջիկս տալ մի աղքատ վարժապետի, մինչդեռ շատ հարուստ ու անվանի երիտասարդների ես մերժել եմ։ Բայց քանի որ դու նրան ես սիրում, ես դրա դեմ ոչինչ չունեմ։ Դու փոքր չես, քո չարն ու բարին ինքդ կարող ես հասկանալ. որ քո ընտրածը հարուստ չէ, այդ էլ, ասենք, ոչինչ. փողով հարուստ ու խելքով աղքատ մարդն էլ բանի պետք չէ։ Ինչ որ մենք ունինք, այն բավական կլինի ձեր երկուսին։ Դու մեր միակ որդին ես, նա էլ թող երկրորդը դառնա։ Վաղվանից ես արդեն ամեն ինչ կտնօրինեմ այնպես, որ քո սրտի ցանկությունը կատարվի շատ շուտով։ Ուրախ և հանգիստ եղի՛ր, սիրելի Աննիկս, և այլևս մի՛ մտածիր ոչնչի վրա. քո փափագը կատարելը իմ առաջին ցանկությունն է։— Այս ասելով՝ նա ջերմությամբ համբուրեց ինձ ու դուրս գնաց։

Բոլորովին հարց չեղավ թե՝ արդյո՞ք երիտասարդն էլ սիրում է ինձ և համաձայն կլինե՞ր յուր բախտն ինձ հետ կապելու։ Ծնողներս ա՛յն կարծիքի էին, որ եթե իրանք համաձայնվեն այդ շնորհը նրան անելու, այնուհետև վերջինիս մնում էր միայն շնորհապարտ լինել իրենց հավիտյանս հավիտենից։

Պետք է խոստովանել, որ ե՛ս ևս նույն կարծիքին էի։ Ես մինչև անգամ հավատացած էի, թե Գարեգինը սիրում է ինձ նույն չափով, որչափով որ ե՛ս իրեն (թեպետ տանջող