Էջ:Muratsan, vol. 2.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր, որ, նույնիսկ չնչին գործերում, յուր հեղինակությունը հարգվի։

Ժամը 2-ին մեր տուն եկան պարոն տեսուչը և Գարեգինը։ Երբ նրանց մոտ մտա, հայրս ծիծաղելով ասաց.

— Ահա՛ այսօրվա մեր միակ թանկագին հյուրերը։

Ես սիրալիր հարգանքով ողջունեցի երկուսին. իսկ հայրս բացատրեց նրանց յուր տարօրինակ հայտարարության պատճառը.

— Սա իմ քմահաճույքն է. շատ եմ սիրում իմ Աննային անսպաս ուրախություններ պատճառել։ Ձեր գալու մասին ես նրան ավելի վաղ չհայտնեցի նրա համար, որ յուր ուրախությունը հանկարծահաս լիներ։

Հյուրերը իրավունք տվին հորս նման հաճույքներով զվարճանալու։

Չնայելով, որ ճաշի վրա միայն հինգ հոգի էինք, այսինքն՝ երեք մենք և երկու՝ մեր հյուրերը, այսուամենայնիվ, ուրախ և զվարճալի անցավ այդ ընտանեկան հացկերույթը։ Երբ բաժակները մի քանի անգամ դատարկվեցան, հայրս մինչև անգամ յուր խռպոտ ու կերկեր ձայնով երգեց մի հին երգ, որին անմիջապես հետևեց Գարեգինը յուր մի ախորժալուր և հոգեշունչ երգով։

Շատ սրտագին բարեմաղթություններ եղան մեր կենացների վրա։ Մինչև անգամ տեսուչն ու Գարեգինը զգացված բանախոսություններ արին։ Ամեն հայի տուն ու ընտանիք ոգևորում էր այդ դպրոցական առաքյալներին, իսկ մեզ մոտ, նրանք արդեն, իրենց զգում էին հարազատների մեջ։ Այդ, իհարկե, անկեղծ ուրախություն էր պատճառում թե՛ ինձ և թե՛ իմ ծնողներին։

Բայց մի բան ինձ զարմացնում էր։ Ես որ մինչև այն՝ այնքան անձկությամբ, այնքան տենչանքով փափագում էի Գարեգնին տեսնել, այժմ, երբ նա իմ առաջ նստած խոսում, երգում և զվարճանում էր, չէի կարողանում նրանով ուրախանալ, նրա ներկայության քաղցրությունը վայելել… Ես, մինչև անգամ, չէի կամենում, որ նա այդ րոպեին մեր տանը լիներ. սիրտս անհանգիստ էր, ինչպես սիրտը մի գորովագութ մոր, որ որդու հետ միասին հանկարծահաս մի