Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձնեմ աչքերս՝ ոչ ոքին չնայելու, ոչ ոքին չտեսնելու համար:

Տեսուչը զարմացած աչքերով նայում էր մերթ հորս, մերթ ինձ և մերթ Գարեգնի վրա։ Իսկ վերջինս միայն մի անգամ արավ անհանգիստ շարժում և ապա անվրդով հորս ամենավերջին խոսքին սպասեց։ Այդ սպասող վայրկյանն իմ հույսն արդեն կործանեց… մի ձայն կարծես շշնջաց իմ ականջին թե՝ «քո գուշակությունը մարմին առավ…»։

Երբ հայրս ավարտեց, վերկացավ Գարեգինը։ Նախկին զվարթությունը տեղի էր տվել նրա մեջ մի տեսակ վեհ ու պատկառելի թախծության։ Ինչու, չգիտեմ, ինձ այնպես թվաց թե՝ նա այդ րոպեին կանգնած է գլխատման բեմի առաջ և, իբրև արի նահատակ, պատրաստվում է յուր հավատո հանգանակը փառաբանելու։ Նա մեղմ ու ազդու ձայնով սկսավ խոսել։

— «Իմ կյանքը, սիրելի բարեկամներս, թեպետ հասակավոր չէ, բայց նա հոծ և լի է փորձերով ու պատահարներով։ Ես բավական շատ ապրել եմ աշխարհում, շատ չար ու բարի եմ տեսել, շատ տեսակ անձանց ու ընտանիքների եմ ծանոթացել, բայց այդ իմ բոլոր կյանքի մեջ, իմ տեսած ու ապրած աշխարհի մեջ, ես միայն մի օրիորդի պատահեցի, որ յուր աննման արժանիքներով կարողացավ գրավել ինձ այնքան, որ քիչ էր մնում թե՝ դեպի իմ սրբազան ուխտն ու երդումն ունեցածս հավատարմությունը սասանեցնե։ Այդ աղջիկը, հագելի բարեկամ, ձեր դուստրը և իմ աշակերտուհին է…

«Որովհետև դուք շատ անկեղծությամբ ու պարզությամբ խոսեցիք, թույլ տվեք, որ ես էլ նույն ձևով շարունակեմ և ավարտեմ իմ խոսքը։

«Ամենամեծ պատիվը, որ ինձ նման մի մարդու կարող էին առաջարկել, այդ ձեր առաջարկածն է, հարգելի բարեկամ։ Ձեր աղջիկն արժանի է ոչ թե ինձ նման մի հասարակ, նյութական կարողությունից զուրկ, մի որոշ անուն ու համբավ չունեցող հայ վարժապետի, այլ ինձանից թե՛ զարգացմամբ, թե՛ կարողությամբ և թե՛ արժանավոր համբավով շատ ավելի բարձր մի երիտասարդի ամուսինը լինելու: