Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ ա՞յժմ… այժմ ամեն հույս կորել, անհետացել էր: Գարեգինն այլևս իմը չէր, նրան այլևս չպիտի ժառանգեի… Օ՜, ի՜նչպես ծանր էր մտածել այդ մասին… Հանկարծ չունենալ այլևս նրան, որին մի օր առաջ ունեիր, որը քո մտածության, քո քաղցր երազների, քո ապագա երջանկության սնուցիչն էր, որը քեզ կյանք և ուրախություն էր բերում, քեզ շունչ, սիրտ և հոգի էր տալիս… որի համար դու կամենում էիր ապրել, որի համար գործում, աշխատում, հառաջադիմում էիր, որի հաջողությունը քեզ ուրախացնում և հաղթանակը հպարտացնում էր… Եվ հանկարծ դառնալ, նայել շուրջդ, տեսնել, որ նա այլևս չկա, որ դու միայն ես, որ քեզ պատում է անպարունակ դատարկություն…

Մայրս, որ գրեթե նույնչափ վշտահար էր այս դժբախտ դեպքի պատճառով, հնարներ էր որոնում իմ թախիծը անցընելու և տխրությունս մեղմելու։ Տեսնելով, որ յուր խորհուրդներն ու մխիթարականները չեն կարողանում ինձ մաշող մտածմունքները ցրել, սկսավ գրեթե ամեն օր հրավիրել իմ նախկին ընկերուհիներից մինին, կամ մյուսին ինձ զբաղեցնելու և մտահոգությունս ցրելու համար։ Ընկերուհիներս գալիս էին։ Նրանց այնպես էր հասկացրել մայրս թե՝ ես տխրելու հիվանդություն ունիմ, ուստի և պետք է ուրախացնեն ինձ։ Ընկերուհիներս, իհարկե, աշխատում էին այդ նպատակով, բայց առանց մեծ հաջողության։ Միայն թե նրանց բերած նորություններն սկսում էին հետզհետե հետաքրքրել ինձ։

Այսպիսով, ես նրանցից իմացա, որ հոգևոր դպրանոցի վարժապետական հին խմբի և նրանց պաշտպանների լարած մեքենայությունները վերջապես հաջողվել են, որով և նոր խումբը մնացել է նեղ դրության մեջ, որ հակառակորդներից ու դավադիրներից կազմակերպված բանակը կարողացել է ժողովրդի ամեն խավերում տարածել և շատ շատերին հւսմոզել թե՝ վարժապետական նոր խումբը բողոքականություն է քարոզում աշակերտներին, անբարոյականացնում է նրանց, կամ թե ծնողների դեմ ապստամբեցնում։ Այս անխիղճ զրպարտությունները, որոնք միշտ անազնիվ