վերադառնալով՝ հիվանդացավ սուր ջերմախտով։ Չնայելով, որ ամեն միջոց գործ դրինք նրան առողջացնելու, բայց անօգուտ։ Նա մեռավ, թողնելով մորս ու ինձ անմխիթար դրության մեջ։
Երբ այս ծանր վշտի առաջին ամիսներն անցան, մեր մոտիկ ազգականները խորհուրդ տվին մեզ՝ մեր վիշտը մեղմելու և հանապազօրյա մտատանջությունները ցրելու համար, դուրս գալ քաղաքից և ամառն անցցնել գյուղերը շրջելով։
Իմ ուխտն, իհարկե, ես չէի մոռացել, ուստի և այս ճանապարհորդությունը շատ հարմար էի տեսնում իմ նպատակների իրագործման համար։ Այս պատճառով ես էլ իմ կողմից համոզեցի մորս՝ ընդունել ազգականների տված խորհուրդը։
Մայրս չընդդիմացավ, և մենք մեր երկու ազգականների ընկերակցությամբ ճանապարհորդեցինք 1866-ի ամբողջ ամառը։ Այդ առիթով մենք գրեթե այս բոլոր նահանգը պտտեցինք, շատ գյուղեր անցանք, վանքեր, ուխտատեղիներ այցելեցինք և բերդեր ու ավերակներ տեսանք։ Ինչ գյուղ կամ ավան որ մտնում էինք, ես խնդրում էի մորս մնալ այդտեղ մի քանի օր և այդ բոլոր ժամանակ ուշի-ուշով դիտում էի գյուղի դիրքն ու շրջակաները, տեղեկություններ էի հավաքում բնակիչների նիստ ու կացի, սովորության, բնավորության և, մանավանդ, նրանց մտավոր ու բարոյական կարոտության մասին, իմանալու համար թե՝ ո՞ր գյուղը կամ ավանը ավելի հարմարություն ունի իմ ապագա գործունեության կենտրոնատեղին լինելու։
Հասնելով այս գյուղը, մենք շատ հավանեցինք սրա թե՛ դիրքին, թե՛ օդին, թե՛ ջրին և թե՛ բնության գեղեցիկ տեսարաններին, որոնց նմանը, արդարև, ուրիշ տեղ չէինք տեսած։ Մյուս կողմից էլ՝ քաղաքից շատ հեռու լինելու պատճառով, սա ամենից ավելի մոռացված, աչքաթող եղած և մտավոր ու բարոյական օգնականությունից զուրկ էր։ Նույն դրության մեջ էին և այն յոթ-ութ հայաբնակ ավանները, որոնք գտնվում են սրա շրջականերում և որոնց նույնպես մենք այցելեցինք։