Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես ոչ միայն տխուր չէի, այլ և առաջվա նման իրենց հետ ուրախ խոսում, ծիծաղում և ժամանակ էի անցցնում։

— Այդպես կլինի, անփորձ աղջիկ է,— ասում էր մի անգամ հայրս, մորս հետ առանձին խոսելիս,— երիտասարդը, որ հեռացել է, ինքն էլ հետզհետե կսառչի և կմոռանա նրան։

Եվ ուրախանալով, որ գործն այսքան դյուրությամբ և առանց ծանր հետևանքների վերջացավ, նոր խորհուրդներ ու ծրագրեր էին կազմում՝ ինձ համար նոր փեսացու ընտրելու։

Բայց նրանց ուրախությունը երկար չտևեց որովհետև շուտով երևան եկավ մեր քաղաքի հարուստ և, իմ ծնողների կարծիքով, շատ հարմար մի երիտասարդի ինձ փեսայանալու առաջարկությունը, որի մասին նրանք խոսեցին ինձ հետ։

— Իմ ձեռքը մեկին կամ մյուսին տալու համար այդ աrաջին ու վերջին առաջարկությունը լինի, որ անում եք,— ասացի ես նրանց հաստատ ու վճռական ձայնով։— Գարեգնից բաժանվելուց հետո մի՛ կարծեք, թե իմ ձեռքը կհամաձայնվիմ տալ մի ուրիշին, թեկուզ այդ ուրիշը իջած լինի երկնքից. երբե՛ք։ Ես ուխտել ու երդվել եմ՝ բնավ չամուսնանալ և այս ուխտից չեն կարող դարձնել ինձ ոչ ձեր խնդիրները, ո՛չ աղաչանքները և ո՛չ սպառնալիքները։ Այս իմ առաջին ու վերջին խոսքն է։

Ծնողներս, իհարկե, շատ վշտացան իմ այս պատասխանի վրա, երկար խոսեցին, խնդրեցին, թախանձեցին, բայց անօգուտ։ Ես դարձել էի նրանց համար անգծելի մի քարաժայռ։ Նույնիսկ իմ մոր արտասուքները, որ նա հաճախ թափում էր իմ առաջ, չկարողացան իմ սիրտը մեղմել։ Ես հափշտակված, ոգևորված էի այն մեծ ու վեհ մտքով, որ հղացրել էր իմ գլխում իմ պաշտելի ուսուցիչը։ Իմ հոգին հպարտանում և սիրտս լցվում էր մի անսպառ ուրախությամբ, երբ մտածում էի թե կարող եմ մի օր այդ միտքն իրագործել, այն է՝ լինել «միանձնուհի» և այն՝ յուր տեսակում առաջինը։

Մի տարուց հետո հայրս մի փոքրիկ ճանապարհորդությունից