էր, ցավում, վշտանում էի, գիտեի, որ եթե յուր կամքը կատարեմ, գուցե նրան մեռելությունից դեպի կյանք վերակոչեմ։ Բայց երբ հիշում էի և Գարեգնի առաջ արած իմ հանդիսավոր ուխտն ու երդումը, երբ մտածում էի թե՝ մահվան ճիրաններից մի մայր ազատելով՝ մեծ գործ արած չեմ լինիլ, մինչդեռ իմ ուխտին հավատարիմ մնալով, գուցե շատերին կարողանամ կոչել դեպի բարոյական կենդանություն, կրկին արիություն էր գալիս վրաս և վշտերս փոխվում էին ուրախության։— «Սրանք իմ բառնալիք խաչի թեթև ծանրություններն են,— մտածում էի ես,— թող պատրաստվիմ այսուհետև ավելի ծանրագունին հանդիպելու»։
1867 թվի մայիս ամսում մայրս վախճանվեց։
Ծանր, շատ ծանր կորուստ էր սա ինձ համար։ Աշխարհում այլևս ես մնում էի միայնակ… Երբ չամուսնացած աղջիկը չունի ծնողներ, եղբայր կամ քույր, նա գրեթե այլևս ոչ ոք ունի աշխարհում… Այդ միայնությունը ես ավելի զգացի, երբ մորս մահվան պատճառով մեր տուն հավաքված բարեկամները հետզհետե սկսան իրենց տները քաշվիլ։ Մորս կողմից ես մոտիկ և, մանավանդ, սրտացավ ազգական չունեի։ Ինձ մոտ մնաց հորաքույրս յուր մի աղջկա հետ, որոնք և խնամում էին ինձ քնքուշ հոգատարությամբ։
Երբ իմ նորագույն վշտի առաջին շաբաթներն անցան, ես նորեն սկսա իմ ուխտի մասին մտածել։ Եվ զարմանալի է թե՝ որքա՜ն մխիթարություն էր բերում ինձ լոկ այդ մտածմունքը։ Մինչև անգամ սիրտս լցվում էր մի տեսակ գաղտնի ուրախությամբ, երբ երևակայում էի մեծությունն այն գործի, որ ես պիտի հիմնեի և որին ամբողջովին պիտի նվիրվեի։
Օգուտ քաղելով իմ կատարյալ ազատությունից, ես գրեթե ամբողջ տարին զրաղվեցա իմ ապագա գործունեության ծրագրերի կազմությամբ և ուսումնասիրությամբ։ Եվ երբ մորս մահվան տարեդարձը կատարեցի, սկսա այնուհետև այդ ծրագրերի սկզբնական գործադրությունը։
Ինձ հավատարիմ ազգակցի օգնությամբ՝ վաճառեցի իմ ծնողներից ինձ ժառանգություն մնացած տունը,