Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող էին։ Եվ որովհետև գյուղացու համար օրինակն ամեն խոսքից զորավոր է, ուստի ամենից առաջ ե՛ս սկսա օգնել կարոտներին։ Իմ սեփական միջոցներով գնեցի եզներ, կովեր, այծեր և գյուղացուն պիտանի ուրիշ պարագաներ և բաժանելով այդ՝ ամենից ավելի կարիք ունեցողներին, նույնը անել հորդորեցի և հարուստ գյուղացիներին, այն է՝ իրենց ավելորդից մի-մի բան հատկացնել չունևոր դրացուն։

Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ տեսա թե՝ իմ օրինակն ու հորդորը ապարդյուն չանցան։ Գյուղացիների մեջ զարթեց գեղեցիկ նախանձավորություն՝ միմյանց օգնելու։ Եվ այդ նորությունը ոչ միայն հետզհետե գյուղի միջից հալածեց աղքատությունը, այլև գյուղացիների մեջ հաստատեց սեր և բարեկամություն, սովորեցնելով ընկերին՝ սիրել ընկերոջն և օգնել նրան։

Իմ երկրորդ գործն եղավ մի կանոնավոր ուսումնարանի բացումը։ Տեր-Հովսեփը, ճշմարիտ է, ուներ յուր տան մեջ փոքրիկ դպրոց, ուր նահապետական ձևով մի քանի տղաներ էր կարդացնում, բայց ես համոզեցի նրան ընդարձակել այդ գործը։

Քահանան, առհասարակ, հեղինակություն ունի գյուղում. նա ժողովրդյան հոգևոր առաջնորդը լինելով, է միևնույն ժամանակ և նրա համոզմունքի կառավարը։ Մի օգտավետ գործ առաջ տանելու համար պետք է աշխատել ամենից առաջ քահանայի հաճությունը վաստակել և, եթե կարելի է, նույնիսկ գործի սկսող և հեղինակ նրան հռչակել։ Այդ բանը գգվում է քահանայի ինքնասիրությունը և նա փոխանակ գործին խափան դառնալու, ինքն է նրա հաջողության ճանապարհը հարթում։ Մեր թերթերում շատ անգամ կարդում ենք գյուղական վարժապետի և քահանայի մեջ տեղի ունեցած ընդհարումների մասին լուրեր կամ հոդվածներ։ Ո՞վ է լինում արդար և ո՞վ մեղավոր, այդ շատ անգամ չի պարզվում, բայց ինձ համար գոնե մի բան մնում է միշտ պարզ. այն է՝ որ գյուղերում ծառայող մեր երիտասարդները, որոնք, անշուշտ, սիրում են իրենց գործը, չեն կամենում նույնիսկ ի սեր այդ գործի իրենց փառասիրության