արտահայտություն տալու, բայց նա բարվո և գեղեցկի ստրուկն է. նրա ոգևորությունը անօգուտ չէ անցնում, նրա զգացածը հեշտությամբ չէ մոռացվում։ Իմ առաջարկություններից շատերը ես արել եմ այդ գյուղացիներին՝ մի հանդիսավոր պատարագից, կամ ժամասացությունից հետո, նրանց զգացված և ոգևորված միջոցին։ Եվ այդ առաջարկությունները, որքան էլ որոշ դժվարությունների հետ լծորդված, այսուամենայնիվ ուրախությամբ ընդունել և անտրտունջ կատարել է ժողովրդի գոնե մեծագույն մասը, համոզված լինելով թե՝ ինչ որ հասարակության համար է անում, այն և յուր անձի համար է։ Այս իսկ պատճառով` եկեղեցու պայծառությունը դպրոցական գործի հառաջադիմության հավասար օգտավետ ճանաչելով` ես աշխատեցի, որքան ուժերս ներում էին, առաջ տանել նրան և հասցնել այն դրության, որին ծանոթ եք արդեն։
Հետո կարգը գալիս էր գյուղացիների թե` ներքին ընտանեկան կյանքի և թե՛ նրանց դաշտային աշխատության մեջ մի քանի նորություններ մտցնելուն։
Հեռվից դիտողը այնպես է կարծում թե՝ գյուղացին սովորած լինելով պարզ ու անպաճույճ կյանքի, շատ աննշան էլ կարիքներ ունի, թե նա միշտ գոհ է յուր վիճակից և թե, առհասարակ, նրան շատ քիչ բան է պակասում։ Մի բան ճշմարիտ է. ա՛յն, որ գյուղացին տրտնջալու և ամեն անցորդի յուր ցավերը պատմելու սովորություն չունի։ Նա գլխակոր և անմռունչ աշխատում է, ինչպես և յուր անասունը։ Բայց նա ամբողջապես կազմված է կարիքներից… Այո՛, պետք է ապրել նրա ընտանիքում, տեսնել և շոշափել նրա աղքատությունը. ներկա լինել դաշտում նրա կրած տանջանքներին և չափել այդ տանջանքների գնով ձեռք բերած արդյունքի չնչին արժեքը, որպեսզի կարող լինի մարդ գաղափար կազմել գյուղացու կարոտությունների մասին։
Իսկ այդ կարուտությունները մի՞թե կարծում եք թե միայն նյութական օգնությամբ են վերացվում։ Ո՛չ։ Նյութականը, հարկավ, ավելի մեծ և ավելի արագ գործ է կատարում։ Բայց ո՞րտեղից ձեռք բերել այնքան նյութական օգնություն, որով ամեն գյուղացի կարողանա ապահովվել։