Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ մեռնել, այդ է իմ ցանկությունը։ Եվ դրա համար ես ունիմ հարգելի պատճառներ։

— Արդյոք չէի՞ք կարող խելամուտ անել ինձ այդ պատճառներից մեկին,— հարցրի ես ժպտալով։

— Մի բան միայն կարող եմ ասել։ Ով որ գրծում է և դրա համար էլ փող փչել տալիս հրապարակում, նա հրավիրում է մարդկանց՝ գալ և քանդել յուր գործը։ Թողե՛ք որ ես ցորենի մի հատ լինիմ, այս երկրի մեջ մեռած… իսկ երբ այդ ցորենը կվերընձյուղե, երբ նրա հասկերը կլցվին և մարդիկ պտուղը կվայելեն, այն ժամանակ թող հիշեն նաև մեռած ցորենը, որ կյանք տվավ հասկերին և որին այլևս հափշտակիչ թռչունները չեն կարող փորել և հողից հանել… Իսկ առայժմ կամենում եմ անծանոթ մնալ աշխարհին, քանի դեռ նրա օգտի համար եմ վաստակում։ Այո՛, չեմ կամենում փառավորվիլ մարդկանցից մի բարի և օգտավետ գործ քանդելու գնով։ Ահա՛ ինչ որ կարող եմ ասել ձեզ…

«Որքա՜ն սեր դեպի հասարակաց բարին և որքա՜ն համեստություն,— մտածեցի ես,— եթե այս հոգվով վառված մի քանի տասնյակ գործիչներ ունենայինք, լեռներ կշարժեինք, գետերի ընթացքը կկասեցնեինք… բայց ո՞ւր են այդ գործիչները»։

Ես խոստացա քույր-Աննային ճշտությամբ կատարել յուր պատվերը և ջերմությամբ համբուրելով նրա սուրբ՝ ձեռքը՝ հեռացա։

Տեր-հայրը, յուր որդիները և Պետրոս վարժապետր, որոնք ձի հեծած սպասում էին ինձ գյուղի ծայրում, ճանապարհ ձգեցին ինձ բավական հեռու։

Այնուհետև իջա դեպի Ուզուն-Դարայի կիրճերը, իմ նախկին առաջնորդ Պետոյի հետ։ Այս անգամ մեր ճանապարհորդությունն անցավ առանց պատահարների։ Երկու օրից հետո ես արդեն քաղաքումն էի։

1887,հունիս 5, Թիֆլիս:

Հայրենի քաղաքիցս հեռանալուց հետո, այսօր առաջին անգամն եմ ձեռք առնում իմ հիշատակարանր, որ ծածկված մնացել էր իմ պահարանի մի անկյունում։ Ես նորից